«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Փորձագետները գնահատել են Հայաստանի վրա ռուսական գազի դիմաց ռուբլով վճարումներին անցման ազդեցությունը

27/05/2022

Ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի կեսերին հայտարարեց, որ Երեւանը սկսել է ռուսական գազի դիմաց վճարումները ռուբլով իրականացնել:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տնտեսագետ Հրանտ Միքայելյանը նշեց, որ գազի դիմաց ռուբլով վճարումների անցնելու որոշումը կապված է աշխարհաքաղաքական գործընթացների հետ։ Դա Ռուսաստանի առաջարկն էր, Հայաստանը դեմ հանդես չեկավ եւ ընդունեց Մոսկվայի առաջարկը։
«Հայաստանը մի կողմից այլընտրանք չուներ, մյուս կողմից՝ եթե գինն անփոփոխ է, ապա ռուբլով եւ դոլարով վճարումների միջեւ տարբերություն չկա։
Հարցն այն է, թե ինչպես է գինը հաշվարկվելու, արդյո՞ք հաշվարկը երկարաժամկետ կլինի, ինչ գնով է վճարելու Հայաստանը։ Հաշվի առնելով, որ երկարաժամկետ հեռանկարում ռուբլին ավելի արագ է արժեզրկվում, քան հայկական դրամը, դա կարող է ձեռնտու լինել Հայաստանին։ Բայց եթե ռուբլին արժեւորվի, ապա գազի գինը կարող է թանկանալ։ Գազի դիմաց ռուբլով վճարումների անցման ազդեցության մասին միանշանակ պատասխան չկա։ Մի շարք կարեւոր գործոնների մասով Հայաստանը պարզապես դիտորդ է, դրանք Երեւանից կախված չեն։

Ինչ վերաբերում է դոլարով վճարումներին վերադարձին, ապա դա դժվար կլինի անել. քանի որ ռուբլով վճարումներին անցումը կապված էր աշխարհաքաղաքական գործընթացների հետ, հակադարձ անցումը եւս կարող է կապված լինել աշխարհաքաղաքական գործընթացների հետ։ Որոշումն անմիջապես չի ընդունվի։ Պատկերավոր ասած՝ այս գետ մտնելն ավելի հեշտ է, քան դրանից դուրս գալը»,- նշեց փորձագետը։

Տնտեսական գիտությունների դոկտոր Կարեն Ադոնցը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Հայաստանի համար գազի դիմաց ռուբլով վճարումներին անցումը լուրջ նշանակություն չի ունենա, քանի որ թե՛ ռուբլին, թե՛ այլ արտարժույթներ երկիրը ստանում է բավարար քանակությամբ. դոլարը, եվրոն եւ ռուբլին բալանսավորված են:

«Մեզ համար կարեւոր չէ, թե ինչ արժույթով ճարել։ Դոլարային վճարումներին վերադարձը կախված է աշխարհաքաղաքական իրավիճակից եւ համաշխարհային տնտեսությունից։ Ամեն ինչ հանգում է նրան, որ Ռուսաստանը փորձում է լուծել իր ֆինանսական կայունության խնդիրները, եւ, կարծես թե, դա հաջողվում է։ Դա որոշակ չափով ամրապնդում է ռուբլին, ինչը բարենպաստ ազդեցություն կունենա մեզ վրա, քանի որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է։ Հայ արտահանողներին ձեռնտու է այն իրավիճակը, երբ ռուբլին չի արժեզրկվում»,- ընդգծեց տնտեսագետը։