«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Օրակարգը չի՞ հաստատվել, դատավորի խոսքը ընդհատեցին, նա լքեց ժողովը, ուշագրավ մանրամասներ

08/05/2021

ArmDaily.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել երեկ տեղի ունեցած Դատավորների ընդհանուր ժողովից։ Նախ, դատավորների մեծամասնությունը ժողովից հիասթափված է, նշում են, որ դա իրենց գործունեության ամենանհետաքրքիր, ամենաանիմաստ, ամենատաղտուկ ժողովն էր, որը ավելի շատ հիշեցնում էր «Կոմսոմոլի» ժողով։
Այնքան անհետաքրքիր էր ժողովը, որ, օրինակ, հանձնաժողովներում անդամի ընտրության համար առաջադրվել էր ընդամենը մեկ թեկնածու եւ ընտրվել, որեւէ մրցակցություն չկար։ Ժողովում փորձեց «հետաքրքրություն» մտցնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը, ով առաջարկեց քննարկել դատական իշխանության արդի խնդիրները, սակայն այդ հարցը ընդհանուր ժողովի օրակարգում ընդգրկելու օգտին քվեարկեց ընդամենը 58 դատավոր։
Նախշքարյանը ելույթ ունեցավ՝ ներկայացնելով իրավասու մարմինների աշխատանքի թերությունները, առանձին անհատների ոչ պատշաճ գործողությունները։ Դատավորը հայտարարեց, որ մենք ԲԴԽ դատավորներ չենք ուղարկել 6-րդ ձայնը «շխկացնելու», գործընկերոջ աշխատասենյակում գույքագրում անելու համար, դժգոհեց ԲԴԽ աշխատանքից եւ որպես ապացույց ցույց տվեց դատավորի չարքաշ կյանքը, ծանրաբեռնվածությունը ապացուցող լուսանկարներ։
Նա քննադատեց դատարանի նախագահին, որ չի կարողանում պատշաճ կազմակերպել աշխատանքը եւ իր ձայնը լսելի չէ խորհրդում, շատ ավելի լսել է «Տրիումֆ» սրճարանում։
Սակայն ժողովը նախագահողները սահմանափակեցին նրա խոսքը՝ նշելով, որ այս ելույթը օրակարգի հետ կապ չունի։ Նախշքարյանը լքեց ժողովը, նրա օրինակին հետեւեցին նաեւ այլ դատավորներ։
Սա Վճռաբեկի նախագահ Լիլիթ Թադեւոսյանի կողմից վարած առաջին ժողովն էր ի պաշտոնե եւ նա առավելագույնը ամեն ինչ արեց, որ ժողովում սկանդալներ չլինեն, տող առ տող, բառ առ բառ իր ելույթը եւ արձագանքները դատավորը գրել եւ եկել էր։ Ժողովին, իսկ ավելի ճիշտ Լիլիթ Թադեւոսյանին, ուղերձ էր հղել նաեւ ԲԴԽ-ն՝ մոտավորապես նշելով, որ մենք Ձեզ հետ ենք։
Ի դեպ, մի ուշագրավ հանգամանք եւս, ժողովին ներկա էր 150+ դատավոր, բայց օրակարգի հաստատմանը կողմ քվեարկեց 75-ը․ մինչդեռ կանոնակարգը պարտավորեցնում է օրակարգը հաստատել միայն ժողովի մասնակիցների մեծամասնության կողմ քվեարկությամբ։ Սա նշանակում է, որ մեծ հավանականությամբ ժողովի օրակարգը չի հաստատվել եւ որոշումները օրինական չեն, այս առումով քարտուղարությունը պետք է պարզաբանումներ ներկայացնի, արձանագրություններ հրապարկի։
Ի դեպ, քանի որ դատավորների մեծ մասը հիասթափված էին ժողովից եւ դուրս եկան ընթացքում, Դատավորների միության ժողով այդպես էլ չգումարվեց քվորում չլինելու պատճառով։ Դատավորները առանձնապես չնեղվեցին էլ այս հանգամանքից, քանի որ Ջհանգիրյան-Թադեւոսյան զույգը ցանկանում էր այդ պաշտոնին անցկացնել Ելիզավետա Դանիելյանին։