«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Շրի Լանկան հնարավոր է ստիպված լինի ավելի շատ նավթ գնել Ռուսաստանից. AP

12/06/2022

Շրի Լանկան հնարավոր է ստիպված լինի ավելի շատ նավթ գնել Ռուսաստանի Դաշնությունից, քանի որ աննախադեպ տնտեսական ճգնաժամի պայմաններում երկիրը հուսահատորեն վառելիք է փնտրում: Այս մասին AP լրատվականին տված հարցազրույցի ընթացքում ասել է երկրի նորանշանակ վարչապետ Ռանիլ Ուիքրեմեսինքը:

Վարչապետը նշել է, որ նավթ ներմուծելու նպատակով նախ այլ աղբյուրների կդիմեն, սակայն պատրաստ կլինեն ավելի շատ նավթ գնել Մոսկվայից`հակառակ նրան, որ, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետեւանքով սահմանված պատժամիջոցների պատճառով, արեւմտյան մի շարք պետություններ դադարեցրել են էներգակիրների ներմուծումը ՌԴ-ից: Նա նաեւ հավելել է, որ, չնայած երկրի աճող արտաքին պարտքին, պատրաստ է ավելի շատ ֆինանսական օգնություն ընդունել Չինաստանից:

Ուիքրեմեսինքը նշել է, որ երկրում սննդի խիստ անբավարարությունը կարող է տեւել մինչեւ 2024 թվականը եւ հավելել, որ Ռուսաստանի Դաշնությունը նաեւ ցորեն է առաջարկել իրենց:

Վարչապետը այս պաշտոնում նշանակվել է երկրի նախագահի կողմից՝ երկիրը հանելու տնտեսական ճգնաժամից, որում հայտնվել է «սեփական մեղքով»: Շրի Լանկան այժմ ունի 51 միլիարդ դոլարի արտաքին պարտք, որից այս տարվա ընթացքում մարել է՝ 7 միլիարդը: Այս պայմաններում երկիրը չի կարողանում առաջին անհրաժեշտության ապրանքներ ներկրել, ինչի հետեւանքով քաղաքացիները դժվարությամբ են կարողանում սնունդ, դեղորայք եւ վառելիք ձեռք բերել, որն էլ ուղեկցվում է էլեկտրաէներգիայի անջատումներով:

Երկու շաբաթ առաջ երկիրը Ռուսաստանի Դաշնությունից ձեռք է բերել 99 հազար տոննա նավթ՝ վերագործարկելու երկրի միակ վերամշակման գործարանը: Այժմ Շրի Լանկան փորձում է նավթ եւ ածուխ ստանալ Մերձավոր Արեւելքում երկրի ավանդական մատակարարներից:

«Եթե մենք կարողանանք վառելիք ստանալ այլ աղբյուրներից, այնտեղից էլ կստանանք: Հակառակ դեպքում կարող ենք նորից Ռուսաստանին դիմել»,- ասել է վարչապետը եւ հավելել, որ իրենք , որպես մատակարարման հիմնական ուղղություն դիտարկում են Պարսից Ծոցը, սակայն չեն կարող իմանալ, թե ինչ տեսակի նավթ են գնում:

Հարցազրույցի ավարտին, Շրի Լանկայի վարչապետը նշել է, որ իրենց առջեւ ծառացած խնդիրներից մեկն այն է, որ շատ նավթ կա շրջանառության մեջ, որոնք կարող են ոչ պաշտոնապես վերադարձվել Իրան կամ Ռուսաստանի Դաշնություն: