«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Համավարակը ակտիվացման փուլում է․ համաճարակաբան

09/07/2021

Երկրում ստեղծված տարատեսակ իրադարձությունները, գուցե, մոռացության են մատնել համավարակին։ Սակայն այն շարունակում է ոչ միայն ապրել մեզ հետ, այլև լուրեր են շրջանառվում վերջինիս նոր բռնկման մասին։ Պատվաստումների մեկնարկն էլ իր հետ բերեց տարատեսակ իրարամերժ կարծիքներ վերջինիս նկատմամբ, ինչն էլ հանգեցրեց պատվաստվող քաղաքացիների շատ ցածր ցուցանիշին։ Թեմայի շուրջ MedMedia.am-ը զրուցեց համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանի հետ։

Այժմ կորոնավիրուսի ո՞ր փուլում ենք։ Ի՞նչ կարող ենք արձանագրել այս պահի դրությամբ։

Մենք վարակի ակտիվացման փուլում ենք, որովհետև Հայաստանում գրանցվող դեպքերի այս էտապում վերարտադրողական ցուցանիշը 1-ից ավելի է, սա նշանակում է, որ ունենք համաճարակային պրոցեսի ակտիվացում։

Որպես համաճարակաբան, ըստ Ձեզ, կորոնավիրուսի դեմ պայքարում ի՞նչ պետք է արվեր, որ մինչ այժմ չի արվել կամ թերի է։

Չէի ուզի կոնկրետ մեկի վրա բարդել ինչ-որ բացթողումը կամ թերացումը, բայց կան բաներ, որ մեզ մոտ կարող էին լինել ավելի ակտիվ։ Սա, օրինակ՝ պատվաստումային գործընթացին է վերաբերում, կուտակումներից խուսափելուն, դիրմակներ կրելու կարգապահությանը և այլն։ Մեր ժողովուրդը, իր մենթալիտետից ելնելով՝ սիրում է շփվել, տեսակով ակտիվ է և սահմանափակումների առաջին իսկ թուլացումը օգտագործում է հավաքներ կազմակերպելու և շփվելու համար։ Այս առումով, մենք ունեցանք համապատասխանաբար ալիքներ, որովհետև ըստ էության, այս պահին մեր առօրյայում չկան որևէ սահմանափակումներ։

Համեմատելով տարածաշրջանի մյուս երկրների պատվաստման ցուցանիշի հետ՝ մեզ մոտ այն շատ ցածր տոկոս է կազմում, ըստ Ձեզ՝ ի՞նչն է պատճառը։

Վերջին տվյալներով՝ մեզ մոտ շատ քիչ տոկոսն է պատվաստվել, և այն դեռևս չի գերազանցում 2-3%-ը։ Ոչ միայն չի գերազանցում, այլև այդ 2-3%-ի մեջ բավականին մեծ տոկոս են կազմում օտարերկրացիները, սա նույնպես պետք է հաշվի առնել։ Մեր պատվաստումային գործընթացի այս դանդաղ տեմպերը կարող է կապված լինել նրանով, որ առհասարակ, կա այսպես կոչված ՝ պատվաստանյութերի նկատմամբ կասկածամտություն կամ տարակուսանք։ Սա կա նաև ամբողջ աշխարում, և տեսնում ենք, որ երկրներ կան, որտեղ հատուկ սահմանափակումներ են մտցնում, որ եթե չպատվաստվեն՝ հանրային վայրեր չեն կարող գնալ, խանութ կամ գեղեցկության սրահ։ Սա կապված է բնակչության թե՛ կրթական մակարդակից, թե՛ առհասարակ պատվաստումային գործընթացի նկատմամբ վերաբերմունքից։ Մեր ժողովուրդը մի քիչ դժվար է ադապտացվում ցանկացած նոր երևույթի և պատվաստումը դրանց շարքում է։ Պարզապես, սա սովորական երևույթ չէ, սա հանրային առողջության խնդիր է այս պահին։ Լինելով հանրային առողջության խնդիր՝ իրավունք չունենք նման մակերեսային վերաբերմունք ցուցաբերել, որովհետև դրա արդյունքում ունենում ենք բազմաթիվ մահեր, որոնցից կարելի էր խուսափել։

Արդյո՞ք ճիշտ ընթացք է տրվել պատվաստումների արշավին, ըստ Ձեզ՝ կարելի՞ է սպասել զգալի արդյունքի։

Քանի որ ես ինքս էլ եմ ընդգրկված պատվաստումների PR արշավում, ինքս էլ ամեն օր իմ առօրյայում խոսում և ներկայացնում եմ պատվաստանյութերի մասին։ Որևէ կերպ չստիպելով և չդրդելով մասնակցել գործընթացին, այլ ճիշտ բացատրելով, ներկայացնելով, որ մարդիկ հասկանան այդ ամբողջ պրոցեսը և գիտակցաբար գնան այդ քայլին։ Անկեղծ՝ ինձ համար էլ է դժվար մարդկանց գիտակցությանը հասցնել պատվաստումային գործընթացի կարևորությունը։ Բայց պետք է հնարավորինս տեղեկացնել հանրությանը, որովհետև այժմ դա շատ կարևոր է։

Սպասե՞նք կորոնավիրուսի չորրորդ ալիքին։ Հնարավո՞ր է նորից կորոնաթվերի բռնկում լինի։

Միանշանակ այո՛, հնարավոր է, որովհետև տեսնում ենք աշխարհում ինչ է կատարվում։ Մենք ունենք այսօր հիվանդացության բարձրացում այն երկրներում, որտեղ ունեին որոշ չափով կորոնաթվերի կայունացում, հանել էին բոլոր սահմանափակումները, բայց տեսնում ենք երիտասարդացում է գրանցվում։ Օրինակ՝ Իսրայելը այսօր սկսել է երեխաների պատվաստումները, որովհետև երեխաների շրջանում վարակը ինտենսիվ բարձրանում է, այնպես որ մենք դրանից զերծ չենք մնալու միանշանակ։