«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բաքուն Google-ի քարտեզում տեղանուններ է փոխում՝ ստեղծելով կարծրատիպ, թե Հայաստանը իրենց տարածքն է. Թաթոյան

12/05/2023

Մենք ներկայացրել ենք մեր նոր հատուկ զեկույցը, որտեղ ցույց ենք տվել Ադրբեջանի թշնամանքի քաղաքականությունը, ապացույցները, նաեւ կապը Ադրբեջանի հայատյաց քաղաքականության եւ այն վայրագությունների միջեւ, որ տեղի են ունենում. հատկապես շեշտադրումն արել ենք 2022-ի սեպտեմբերի 13-14-ի հարձակումների վրա: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում նշեց «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ հավելելով, որ զեկույցը մշակել են Սիրանուշ Սահակյանի հետ համատեղ:

«Այս զեկույցը ցույց է տալիս, որ Ադրբեջանի իշխանությունները չունեն խաղաղության որեւէ մտադրություն: Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունը երկու նպատակ ունի. առաջինը դա իրենց ներքին քաղաքական գործիքն է, որով ստեղծել են արտաքին թշնամու կերպարը՝ ներքին խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու համար: Հայատյացությունը սեփական պաշտոններն ամրացնելու միջոց են: Երկրորդը, նրանք նպատակային փորձում են թշնամանքի մեջ պահել երկու ժողովուրդներին ամբողջ աշխարհում:

Երբ մենք ուսումնասիրում ենք վայրագությունների, խոշտանգումների տեսանյութերը, ակնհայտ է դառնում, որ նրանք ոգեշնչված են Ադրբեջանի իշխանությունների բառերով եւ անգամ խոշտանգելիս օգտագործում են նույն բառերը»,-ասաց Թաթոյանը:

Նրա խոսքով, Ադրբեջանի իշխանությունների կողմից ավելացել են հայկական Սփյուռքին թիրախավորելու շեշտադրումները:

Թաթոյանն ընդգծեց, որ այս ապացույցները ցույց են տալիս, որ Արցախի եւ Հայաստանի միջեւ չկա տարանջատում, Ադրբեջանի նպատակը, թիրախը առհասարակ հայկականությունն է. «Եթե նրանք անգամ մի պահ որոշում են առանձնանցնել Արցախը, դա չի նշանակում, որ Հայաստանը թիրախի տակ չեն պահում:

Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են ամեն հնարավորություն, այդ թվում ժամանակակից  տեխնոլոգիաները: Օրինակ, Google քարտեզներում կազմակերպված ձեւով փոխում են Հայաստանի աշխարհագրական տեղանունները: Մենք Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի մեր գործընկերների աջակցությամբ բավականին վերացրեցինք Սյունիքի մարզում ադրբեջանական տեղանունները: Սա եւս օկուպացիայի օրինակ է, փորձում են դրանով կարծրատիպ ձեւավորել, որ Հայաստանը նույնպես ադրբեջանական պատմական հողեր են: Վերջին նարատիվներից է, որ հայ ժողովուրդը քոչվոր է եւ Հարավային Կովկասում հայտնվել է 19-րդ դարում: Սա ագրեսիվ ձեւով տարածվում է իրենց քաղաքացիների շրջանում»,-հայտարարեց Թաթոյանը: