«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Հայաստանը երբեք չի խուսափել ադրբեջանական կողմի հետ հանդիպումներից, բայց դրա համար նախևառաջ պետք է ձևակերպել հստակ օրակարգ. Արա Այվազյան (տեսանյութ)

14/04/2021

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը, դիմելով արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին, անդրադարձավ Մինսկի խմբի համանախագահության հայտարարությանը:

«Վերջերս Դուք շեշտեցիք, որ մեզ անհրաժեշտ է ուժեղ նախագահություն և խոսեցիք ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի ձևաչափի արդյունավետության և ակտիվության բարձրացման մասին: Երեկ համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել, նաև խոսել են պատրաստակամության մասին՝ միջնորդելու քաղաքական երկխոսության վերականգման հարցում»,-ասաց նա և հետաքրքրվեց երկխոսության վերականգնումից:

Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը նշեց, որ հայտարարության մեջ համանախագահները հստակ ընդգծում են, որ ժամանակն է ուշադրություն դարձնել հակամարտության վերջնական, համապարփակ և կայուն կարգավորմանը՝ կողմերին հայտնի սկզբուքնների և տարրերի հիման վրա: Նա hիշեցրեց, որ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը հայտնի է. այն է միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և կորոշի Արցախի կարգավիճակը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, դա կարող է համարվել հակամարտության վերջնական կարգավորում:

«Համանախագահները փաստում են, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոչ բոլոր դրույթներն են կյանքի կոչվել և կոչ են անում քայլեր ձեռնարկել մարդասիրական իրավունքի շրջանակներում, գերիների և պահվող այլ անձանց անհապաղ հայրենադարձության, Արցախ մարդասիրական կազմակերպությունների անարգելք մուտքի, և մշակույթային ու կրոնական ժառանգության պաշտպանության վերաբերյալ: Սա միջազգային հանրության՝ Մինսկի խմբի համանախագահների միջոցով հերթական կոչն է Ադրբեջանին՝ կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ վերցրած պարտավորությունները և հրաժարվել դեստրուկտիվ, ապակառուցողական դիրքորոշումներից»,-ասաց նա և նշեց, որ համանախագահները կոչ են անում սկսել բարձր մակարդակով խորհրդակցություններ:

«Հայաստանը երբեք չի խուսափել հանդիպումներից, բայց որպեսզի այդ հանդիպումները տեղի ունենան, նախևառաջ պետք է ստեղծել պայմաններ նվազագույն վստահության համար ու ձևակերպել հստակ օրակարգ: Ադրբեջանը իր ռազմատենչ, ապակառուցողական, հայատյաց հայտարարություններով և դիրքորոշումներով խոչընդոտում է նման մթնոլորտի ձևավորմանը և ես կարծում եմ, որ ուժեղ համանախագահությունը կարող է նպաստել այդ վստահության մթնոլորտի ձևավորմանը, առավել թիրախային հասցեագրել կողմերից մեկին, այս դեպքում Ադրբեջանին, որ պետք է զերծ մնալ հակահայկական, այս թշնամական քարոզչությունից և գործողություններից»,-ասաց նա:

Արա Այվազյանը նշեց, որ պարբերական շփումներ ունեն համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ, շփումները շարունակվում են և Հայաստանը պատրաստ է ընդունել համանախագահներին՝ տարածաշրջանային այցերի հաստատած պրակտիկայի շրջանակներում: