«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մարզերում երիտասարդների համար 6 ծրագիր կիրագործվի

16/04/2021

Կառավարությունը հաստատել է ՀՀ մարզերում մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովմանը, սոցիալական ձեռներեցության կարողությունների զարգացմանը, ինքնազարգացման հնարավորությունների ընդլայնմանը, կրթական, մշակութային, տեղեկատվական իրադարձությունների իրականացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը:

Ինչպես գրում է mediamax.am-ը Կառավարության հատկացրած շուրջ 110 մլն դրամ ֆինանսավորմամբ այս տարի կյանքի կկոչվեն 6 ծրագրեր, որոնց մասին տեղեկատվություն է հրապարակել ԿԳՄՍ նախարարությունը:

LOFT կենտրոն Վանաձորում

Վանաձորում՝ Լոռու մարզային գրադարանի մասնաշենքերից մեկում, կբացվի եւ կգործի երիտասարդների ինքնազարգացման, մշակութային-ժամանցային, նորարարական LOFT կենտրոն: Բազմաֆունկցիոնալ կենտրոնը կունենա տեխնիկական, տեխնոլոգիական եւ բովանդակային հագեցվածություն, որը մարզի երիտասարդության համար կապահովի ոչ ֆորմալ կրթության եւ մշակութաժամանցային միջավայր:

«Բյուրական մշակութային լաբորատորիան»

Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում կհիմնվի «Բյուրական մշակութային լաբորատորիան», որը ստեղծարար միջավայրում այլընտրանքային կրթական ծրագրերի, ուսուցման դասընթացների, համաժողովների, հանդիպումների եւ սեմինար-քննարկումների հնարավորություն կապահովի Արագածոտնի մարզի շուրջ 3000 երիտասարդների  համար:

«ԳՈՒՐԲԱՆ» մշակույթի կենտրոն Գյումրիում

Գյումրիում «ԳՈՒՐԲԱՆ» մշակույթի կենտրոնը հայ եւ օտարերկրացի արվեստագետների մասնակցությամբ կիրականացնի շուրջ 24 մշակութային միջոցառում` նպաստելով հայ եւ օտարերկրացի արվեստագետների երկխոսությանը: Նախագծի առավելությունն այն է, որ չկա տարիքային եւ այլ սահմանափակում։ Ստեղծվելու են համապատասխան միջավայր եւ տարածք, այլ կերպ ասած՝ արվեստանոց՝ ազատ ստեղծագործող արվեստագետների միջեւ երկխոսության, համատեղ գաղափարների մշակման եւ մշակութային արժեքների ստեղծման համար:

«Հզորացի՛ր, հզորացրու՛» ծրագիր Էջմիածնում

«Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունն Էջմիածնում կիրականացնի «Հզորացի՛ր, հզորացրու՛» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է «Ֆրիլանս» հարթակի ստեղծում, սոցիալական ձեռնարկատիրության, վաճառքի իրականացման, մարքեթինգի, գովազդի, անձնային աճի զարգացմանը միտված 40 երիտասարդների վերապատրաստում:

«Ստեղծարար համայնք» Թալինում

«Լյուպին» երիտասարդական ՀԿ-ն Արագածոտնի մարզի Թալին համայնքում կիրականացնի «Ստեղծարար համայնք» նախագիծը, որի շրջանակում մարզային երիտասարդության համար կկազմակերպվեն դասընթացներ:

«Youth Lab» Մասիսում

Մասիսի Երիտասարդական կենտրոնում կիրականացվի  «Youth Lab» նախագիծը, որի նպատակը տարեկան շուրջ 300 երեխայի ՏՏ ոլորտի ոչ ֆորմալ կրթության ապահովումն է: