«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բազմաթիվ խախտումներ՝ ստոմատոլոգիական կենտրոններում

09/07/2021

Հայաստանում ստոմատոլոգիական ծառայությունները թեեւ մեր քաղաքացիների գրպանին էժան չեն նստում, սակայն այլ երկրների համեմատ  մատչելի են: Հայաստանում զարգանում  է ստոմատոլոգիական զբոսաշրջությունը, «Ռադիոլուրին» ասել է Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ, ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Լազար Եսայանը, սակայն նաեւ շեշտել՝ դրանց կողքին բազմաթիվ են խնդիրները, որոնք տարիներով լուծում չեն ստանում՝ ստվերային գործունեություն իրականացնող  ստոմատոլոգիական կլինիկաներ, որակավորում չստացած մասնագետներ, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։

Նախ՝ հեռացրին ատամը, որն ուղղակի պետք է պլոմբվեր, բացի այդ՝ դա արվեց սանիտարական ոչ պատշաճ պայմաններում՝ «Ռադիոլուրին» իր դժգոհությունը փոխանցող քաղաքացին  այդքանի համար նաեւ վճարել է։  Ատամնացավը հաղթահարելուց հետո է միայն կենտրոնացել, թե ինչ պայմաններում է սպասարկվել։

«35 տարվա մեջ առաջին անգամ ռիսկ արեցի գնալ ատամնաբույժի մոտ, էն էլ էնքան վատ գործ արեց, որ հաստատ հաջորդ անգամ ռիսկ չեմ ունենա գնալ։ Գերադասում եմ ցավին դիմանալ, քան գնալ ատամնաբույժի։ Հասկացա, որ կարող եմ հազար տեսակի վարակով վարակվել։ Ո՛չ ձեռնոց էր հագել, ո՛չ գործիքներն էին մի բանի պիտանի, բոլորը սեղանին լցված էին, ոչ մի բան ախտահանիչ սարքից չի հանվել։ Ուղղակի ցավերի մեջ էի, այդ  պահին ուշադիր չեմ եղել, հետո եմ հասկացել , որ կեղտոտ գործ է արվել»։

Ձեռնոց, ակնոց, բախիլ․ բժշկի անձնական հիգիենայի պարտադիր դետալներն են, իսկ բազմակի օգտագործման ստոմատոլոգիական գործիքներն օգտագործելուց հետո ենթակա են պարտադիր ախտահանման, մանրէազերծման։ Բայց ոչ բոլոր կլինիկաներում են հետևում հակահամաճարակային կանոններին՝ փաստում է ստոմատոլոգ զրուցակիցս։ Կան կլինիկաներ, որտեղ բացակայում են նույնիսկ ախտահանման հեղուկները։

«Բոլոր գործիքները պետք է բացվեն պացիենտների աչքի առաջ, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչպես են սպասարկվում։ Անհրաժեշտ է գոգնոց, թքաքաշ, նախքան որևէ միջամտություն կատարելը անհրաժեշտ է  բերանի խոռոչը մշակել ախտահանիչ լուծույթներով»։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն անցյալ տարվա ստույգայցերի ընթացքում քովիդ-անվտանգության կանոնների ամենաշատ խախտումները տարբեր փուլերում արձանագրել է հենց ստոմատոլոգիական կլինիկաներում։ Զուգահեռ դիտարկվել է նաեւ սանիտարահիգիենիկ այլ նորմերի պահպանումը եւս՝ «Ռադիոլուրին» ասում է տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության ավագ տեսուչ Նելլի Աբրահամյանը։ Այս տարի արդեն երկու տասնյակից ավելի ստոմկենտրոնի ուսումնասիրության արդյունքում պատկերը նույնն է՝ խախտումները շատ են։ Որոշ կլինիկաների հանդեպ կիրառվել է նաև վարչական տույժ 100-300 հազար դրամի չափով։ Որո՞նք են արձանագրվող հիմնական խախտումները։

«Նախքան բժշկական միջամտություն կատարելը պացիենտին չէր առաջարկվում բերանի խոռոչի ողողում 1 տոկոսանոց ջրածնի պերօքսիդի լուծույթով։ Հիմնական խնդիրն այն է, որ պացիենտի հետ աշխատելիս  բուժաշխատողները չէին հագնում անջրաթափանց բժշկական խալաթ, չէին տրամադրվում դիմակներ, չէր կատարվում ջերմաչափում»։

 

Եթե լիցենզավորված կլինիկաներում հնարավոր է վիճակը  փոքր-ինչ վերահսկողության տակ պահել, ապա,  ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանի խոսքով, վիճակն անվերահսկելի է տնային պայմաններում՝ ստվերում գործող ստոմկաբինետներում, իսկ դրանք Հայաստանում շատ են։  

«Դրանց թիվը բավականին մեծ է հատկապես մարզերում, որովհետև մենք բազմիցս ստանում ենք ահազանգեր մարզային մեր գործընկերներից։ Անհրաժեշտ է, որ ստոմատոլոգիական գործունեությամբ զբաղվող ցանկացած սուբյեկտ պարտադիր լիցենզավորվի և դուրս գա ստվերից »։

Սանիտարահիգիենիկ կանոնների չպահպանման կողքին ստոմկենտրոններում առկա մեկ այլ խնդրի մասին․ հաճախ ստոմատոլոգի գործով զբաղվում են որակավորում չստացած անձինք։ Օրինակ՝ կլինիկական օրդինատորներին տնտեսվարողները գրանցում են որպես բժշկի օգնական կամ էլ ընդհանրապես չեն գրանցում, նույն վիճակում են նաև բարձր կուրսի ուսանողները, մինչդեռ նրանք փաստացի բուժմամբ են զբաղվում՝ ասում է ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահը և հավելում՝ սրա հետևանքով տուժում է առհասարակ ստոմատոլոգիական  ծառայությունների որակը և ոլորտի ֆինանսական շուկան։:

«Գալով կլինիկա՝ պացիենտը փաստացի չի տարբերւմ՝ ինքը գործ ունի բժշկի՞ հետ, թե՞ կլինիկական օրդինատորի կամ ուսանողի։ Համաձայն կարգի՝ կլինիկական օրդինատորը պետք է աշխատի միայն դասախոսի հսկողության տակ: Հասկանալի է, որ երիտասարդ մանսնագետը կարիք ունի սովորելու, փորձ ձեռք բերելու, սակայն այն պետք է կատարվի օրենքի սահմաններում։»

Որակի խնդիրներին է հանգեցնում նաեւ ստոմատոլոգների մեծ թիվը։ 10 տարի և շատ ավելի՝ ստոմատոլոգների ասոցիացիան բարձրացնում է հարցը՝ մեզ իրո՞ք պետք է այսքան  ստոմատոլոգ։ Միջազգային նորմերով՝ ամեն 10 հազար բնակչի հաշվով միջինում նախատեսված է 4-5 ստոմատոլոգ, մինչդեռ ՀՀ-ում այդ թիվը հասել է  18-20-ի, ընդ որում՝ ստոմատոլոգիական կլինիկաները հիմնականում տեղակայված են Երևանում և խոշոր քաղաքներում, գյուղերում փաստացի կա ստոմկլինիկաների դեֆիցիտ։  Չնայած այս ամենին՝ ստոմատոլոգիան Հայաստանում զարգանում է մեծ տեմպերով՝ չզիջելով միջազգային ստանդարտներին՝ նկատում է մասնագետը։ Տեխնիկական հագեցվածության առումով մեր կլինիկաները նույնպես առաջնակարգ տեղերում են։ Ասածը փաստում է մեծ թվով մեր հայրենակիցների դիմելիությունը, նշեց Լազար Եսայանը։

Ոլորտը վերահսկող կառույցից՝ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից  ևս հաստատում են՝ ստոմատոլոգիական կլինիկաներում արձանագրել են  մասնագետների թերի որակավորման խնդիրը։ Բժիշկներ, բուժքույրեր, որոնք, ըստ սահմանված կարգի, վերջին 5 տարում չեն անցել  վերապատրաստում։ Կան նաեւ արտերկում սովորած բժիշկներ, որոնց դիպլոմները Հայաստանում չեն փոխճանաչվել։ 8107-ը տեսչական մարմնի թեժ գծի հեռախոսահամարն է, որով կարելի է տեղեկացնել ստոմատոլոգիական կենտրոններում նկատած խնդիրների մասին։