«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հրայր Թովմասյանը միջնորդեց որպես վկա հրավիրել Արմեն Սարգսյանին

09/07/2021

Հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով  դատաքննության ժամանակ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ որպես վկա հրավիրել ՀՀ նախագահի Արմեն Սարգսյանին:

«Դիմումատուներն իրենց դիմումներում մատնանշել են որոշ փաստական հանգամանքներ, որոնց պատասխանողը և հարակից պատասախանողները չեն կարող պատասխանել: Օրինակ, Հանրապետության նախագահին է վերաբերում, թե ինչ պարագայում, ինչ պայմաններում է  որոշել ընտրության օրը նշանակել հունիսի 20-ին: Գրեթե բոլոր դիմումներում այդ հարցը բարձրացված է:

Միջնորդում եմ սույն գործով որպես վկա հրավիրել Հայաստանի նախագահի, որովհետև նա ուներ փոքրիկ հայեցողություն  վարչապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ընտրությունները նշանակել ոչ ուշ, ոչ շուտ 30 և 45 օրվա ընթացքում, այսինքն այդ ժամանակահատվածում օրերն ավելի շատ էին»,- ասաց Հ. Թովմասյանը:

Նա նշեց, որ ուզում է Հանրապետության նախագահից դատարանում լսել՝ իր վրա որևէ ճնշում, հարադրանք չի եղել, միանձնյա որոշել է, խորհրդակցել է, նպատակահարմար է գտել ընտրությունները նշանակել հունիսի 20-ին:

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հետաքրքրվեց Հրայր Թովմասյանից՝ արդյոք տարբերություն կա հարցադրման պատասխանները ստանալ Հանրապետության նախագահից որպես վկա հարցաքննության արդյունքո՞ւմ, թե՞  պաշտոնապես հարցում անելու արդյունքում:

Հրայր Թովմասյանն ասաց՝ ցանկանում է, որպեսզի հենց դատարանում հնչեցվի, նախագահը  զգուշացվի դատարանին կեղծ ցուցմունք տալու մասին:

Վ. Գրիգորյանի խոսքով, տեղեկատվությունը կարևոր է, համաձայն կլինի որպեսզի Հանրապետության նախագահից պահանջվի համապատասխան հարցում ուղարկելու միջոցով:

Հ. Թովմասյանը ներկայացրեց մեկ այլ միջնորդություն:

«Լրատվամիջոցներից հայտնի է  ՄԻՊ հաղորդումներ ընտրական պրոցեսում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ:  Միջնորդում  եմ ՄԻՊ-ից  պահանջել ներկայացնելու ընտրական գործընթացներին մարդու իրավունքների խախտումների առնչությամբ տեղեկատվություն, այսինքն այն, ինչ այս ընթացքում կատարել է  ՄԻՊ-ն ու իր աշխատակազմը:

Եթե սահմանված ժամկետում այդ տեղեկատվությունը ներկայացնելն անհնար լինի՝ միջնորդելու եմ ՄԻՊ-ին որպես վկա ներգրավել սույն գործով, քանի որ կան հարցեր ուղղված Մարդու իրավունքների պաշտպանին»,- ասաց Հ. Թովմասյանը:

Երրորդ միջնորդությունը վերաբերում է դատական դեպարտամենտից տեղեկատվություն պահանջելուն:

«Առաջարկում եմ դատական դեպարատամենտից պահանջել տեղեկատվություն հետևյալի մասին՝ ինչպես են դատարանները մեկնաբանել և կիրառել ՀՀ ՔՕ 226.2 հոդվածում սահմանված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը և բռնություն հրապարակայնորեն քարոզել բառակապակցությունները»,- ասաց Հ.Թովմասյանը:

Հրար Թովմասյանն ասաց, որ եթե այս պահին հարցը չքննարկվի, հարցի հետագա քննարկմանը չի մասնակից, քանի որ գտնում է օրենքի խախտում:

ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ասաց, որ դատավորի միջնորությունները  ժամը 18:00-ից հետո  կքննարկվի խորհրդակցական սենյակում:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն ասաց, որ բոլոր միջնորդությունները ենթակա են բավարարման:

«Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը  նույնպես միջնորդում է  նախագահին հրավիրել որպես վկա:

«Մենք պնդել ենք այդ փաստը, որ մինչև վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելն արդեն իսկ հայտարարվել էր հունիսի 20-ը որպես ընտրությունների օր և հունիս 20-ը նշանակվել է Հանրապետության նախագահի կողմից: Մեր դիմումում պնդում ենք կատարել՝ մեր կարծիքով տեղի է ունեցել ազդեցություն, այսինքն հանրապետության նախագահն էլ է ենթարկվել վարչապետի ազդեցությանը: Բնականաբար, այս փաստի հետ կապված կարևոր է լսել նախագահի բացատրությունները»,-ասաց Ա. Զոհրաբյանը:

«Հայոց Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչը նույնպես կողմնակից է Արմեն Սարգսյանի, նաև ՄԻՊ Արման Թաթոյանի՝ որպես վկաներ այստեղ ներկայանալու ու պատասխանելու հարցերին:

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը նշեց, որ ձեռնպահ կմա առաջին միջնորդության հետ կապված կարծիք հայտնելուց, քանի որ իրենց դիմումում այդ մասով անդրադարձ չեն կատարել, երկրորդ և երրորդ միջնորդությունները պաշտպանում են:

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը Ս

Դ-ում որոշել են միավորել ու քննել նույն նիստում։

ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։
Այս գործով դատաքննությունը սկսվել է այսօր ժամը 11:00-ից:

 

Աղբյուր` Panorama.am