«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Հիմա ընտրական վեճ կլուծեն՝ կտեսնենք. նախկիններին մեղադրում էին, թե դակում են, տեսնենք՝ իրենք չե՞ն դակում, իրենց սրտի դատարանն է». Ալվինա Գյուլումյան

30/06/2021

Սահմանադրական դատարանի նախկին անդամ Ալվինա Գյուլումյանի խոսքով՝ իր և ՍԴ նախկին դատավորներ Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի խախտված իրավունքները վերականգնելու համար ՄԻԵԴ ուղարկած դիմումի վերաբերյալ դեռևս վճիռ չկա։ Այս պահին բացատրությունների փուլ է ընթանում, այսինքն՝ դիմումի քննությունն ընթացքի մեջ է։

«Անկեղծ, ես չեմ կարող գուշակել, թե ինչպիսին կլինի ՄԻԵԴ-ի վճիռը»,- 168.am հետ զրույցում ասաց Ալվինա Գյուլումյանը։

Նա նաև փոխանցեց, որ այս պահին զբաղվում է դասախոսությամբ և գիտական գործունեությամբ։

Հարցին՝ իշխանությունն իրենց ՍԴ-ից հեռացրեց՝ պատճառաբանելով, թե ոլորտում բարեփոխումներ են իրականացնում՝ ոլորտը բարելավում են, այժմ կողքից դիտարկելով՝ ի՞նչ կարծիք է կազմում, ոլորտն իշխանությունը բարելավե՞լ է, Ալվինա Գյուլումյանը պատասխանեց.

«Դրեք ու համեմատեք նախկին ու նոր որոշումները և կտեսնեք՝ առաջադիմություն կա՞, թե՞ ոչ։ Հիմա ընտրական վեճ կլուծեն՝ կտեսնենք. նախկիններին մեղադրում էին, թե դակում են, տեսնենք իրենք չե՞ն դակում, իրենց սրտի դատարանն է»։

Ճշտող հարցին՝ եթե ՄԻԵԴ-ը վերականգնի իր իրավունքները, պատրա՞ստ է ներկայիս իշխանության կառավարմամբ կրկին վերադառնալ ՍԴ, Ալվինա Գյուլումյանը պատասխանեց, որ չի կարող հիպոթետիկ խոսել, այդպես ճիշտ չի լինի, ժամանակը կգա՝ կտեսնի։

Հիշեցնենք՝ ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը և երեք նախկին դատավորներ՝ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը, դիմել էին ՄԻԵԴ՝ իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար։ Ըստ նրանց, սահմանադրական փոփոխություններն ընթացել են մի շարք խախտումներով։

Հիշեցնենք նաև, որ սահմանադրական փոփոխություններով դադարեցվեց ՍԴ այն դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարում էին 12 տարուց ավելի, նախորդ տարվա հունիսին նրանց լիազորությունները դադարեցվեցին։