«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանցիները ամրացել են Սյունիքում, բետոնե ճանապարհներ են կառուցում. Արման Թաթոյան

12/05/2023

Իրավունքի և արդարության կենտրոն Թաթոյան հիմնադրամի նախագահ, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ համատեղ հանդես են եկել հատուկ զեկույցով` կապված Ադրբեջանում հայատյաց ու թշնամանքի պետական քաղաքականության հետ: Իր խոսքում Արման Թաթոյանն ասաց, որ Ադրբեջանի իշխանությունները թիրախավորում էն ոչ միայն Հայաստանում բնակվող հայերին, այլև հայկական սփյուռքին.

«Ադրբեջանում մի նոր քաղաքականություն են վարում, որ Հայաստանում ու Արցախում ապրող հայերին իբրև բացատրեն, թե ինչ վնասակար ազդեցություն ունի հայկական սփյուռքը Հայաստանում ու Արցախում ապրող հայերի համար, որպեսզի վերջիններս ազատվեն, ինչպես իրենք են ասում, այդ «քաղցկեղից»,- ասաց Թաթոյանը:

Թաթոյանի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունը իր բնակչության շրջանում նաև լայնորեն տարածում է այն թեզը, թե հայերը Կովկասում եկվոր ու քոչվոր ժողովուրդ են: Անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին, Թաթոյանն ասաց, որ ադրբեջանցիները ամրացել են Սյունիքում, նախկին փոքր շինությունները ավելի ամրապնդվում ու մեծացվում են, բետոնե ճանապարհներ են կառուցում: Թաթոյանի խոսքով` նրանց նպատակն է, որ տեղի բնակչությունը թողնի ու հեռանա.

«Մարդկանց զրկում են ջրից, զավթում են աղբյուրները, չեն թողնում, որ մարդիկ օգտագործեն իրենց հողերն ու արոտավայրերը»,- ասաց Թաթոյանը: