«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

50 հազար գլուխ անասուն ենք ունեցել, պատերազմից հետո 10-15 հազար է մնացել, ոչ մեկ արոտի հարց չլուծեց . Ներսես Շադունց

07/12/2020

Սյունեցին չի արտագաղթելու, չի լքելու իր հայրենի գյուղերը, այլ ամուր մնալու է եւ պահելու է իր սահմանները անառիկ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը` անդրադառնալով կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո մարզում ստեղծված նոր իրավիճակին:

«Սյունիքի մարզն  այժմ սահմանապահ է դարձել, մենք որ չպահենք, ո՞վ է գալու պահի էս սահմանները: Այսօր բազմաթիվ խնդիրներ են մեր առջեւ ծառացել, որոնցից ամենակարեւորը սահմանների խնդիրն է, որը պետք է ամրացնենք: Երկրորդը` անասնապահության խնդիրն է, որ 50 հազար գլուխ անասուն ենք ունեցել, որոնց համար արոտավայր է հանդիսացել ազատագրված տարածքները մինչեւ Ջաբրայիլ, Արաքսի ափերին, հիմա էդ տարածքները չկա, անասուններին էլ եկել են ժողովրդին խաբելով ջրի գնով վաճառել, տարել են, այնինչ կարելի էր Իրան արտահանել ավելի բարձր գնով: Գյուղատնտեսության փոխնախարար է, ինչ է, մեկը չեկավ, որ էս հարցը կազմակերպեր, որ կամ պահեին, կամ արոտի խնդիր լուծեին: Մենք խառն էինք սահմաններով, ժողովուրդն էլ արագի մեջ վաճառեց, հիմա մի 10-15 հազար գլուխ է մնացել մոտավորապես: Մենք արդեն պետք է մտածենք փոքր տարածքների վրա ուրիշ եկամտաբեր գործերով զբաղվենք` դա կլինի ինտենսիվ այգու հիմնում, թե ջերմոցային տնտեսությունների հիմնում, ժամանակը ցույց կտա: Մինչ այս պահը ոչ մի պետական մարմնի հետ այս առումով ոչ մի համագործակցություն չկա»,-ասաց նա:

Ներսես Շադունցը ասաց, որ այգիների կամ ջերմոցների հիմնում էլ այլ խնդիր է առաջացնելու, քանի որ ոռոգման ջրի հարց կա եւ ինքը կառավարությանը հորդորում է այս ուղղությամբ մտածել եւ ներդրումներ կատարել մարզում:

«Սակայն այս ամենը անվտանգության հարցը լուծելուց հետո, որն այս պահին առաջնային է: Այս պահին սահմանների անվտանգության  հարցը պետք է լուծենք, ինժիներական աշխատանքներ որոշ մասերում կատարվում են եւ հետագայում  էլ կատարվելու են»,- հավելեց Շադունցը: