«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տիխանովսկայայի շտաբը գործադուլի կոչ է արել․ Կանադան և Իռլանդիան չեն ճանաչել Բելառուսում ընտրության արդյունքները

18/08/2020

Օգոստոսի լույս 18-ի գիշերը համեմատաբար հանգիստ է անցել Բելառուսում, որտեղ չեն դադարում բողոքի ցույցերը երկրում նախագահական ընտրության արդյունքների դեմ։ Գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայայի շտաբի ղեկավար Մարիա Մորոզը կոչ է արել բելառուսներին գործադուլ անել և տնտեսական վնաս պատճառել։

Բացի այդ, հրաժարական է տվել Սլովակիայում Բելառուսի դեսպան Իգոր Լեշչենյան, որն իր աջակցությունն էր հայտնել ցուցարարներին, տեղեկացնում է Tut.by պորտալը։ Նրա ազատման մասին հրամանագիրը դեռ չի ստորագրվել։

Կանադան և Իռլանդիան ևս հայտարարել են, որ չեն ճանաչում երկրում ընտրությունների արդյունքները։ Այդ մասին հայտարարել են այդ երկրների ԱԳ նախարարները։

Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը Twitter-ում գրել է, որ ընտրությունները կեղծվել են, և դատապարտել ցուցարաների հանդեպ ճնշումը։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է օգոստոսի 18-ին քննարկել Բելառուսում ստեղծված իրավիճակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին նա հայտնել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ հեռախոսազրույցում։ Մերկելը նաև շնորհակալություն է հայտնել Լիտվային՝ Լուկաշենկոյի հակառակորդ Տիխանովսկայային ընդունելու համար, գրում է BBC-ն։

Լիտվայում շատ սուր են ընկալում Բելառուսի իրադարձությունները։ Այդ երկրի ԱԳՆ-ն չի բացառում ՌԴ հնարավոր ռազմական միջամտությունը։

ԱՄՆ-ն ևս դատապարտել է ռազմական միջամտության ՌԴ պատրաստակամությունը։ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դատապարտել է Պուտինի հայտարարությունը Բելառուսին անհրաժեշտ աջակցություն, այդ թվում՝ ռազմական, ցուցաբերելու պատրաստակամության մասին, գրում է Deutsche Welle-ն։