«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բաքվում 25-ից ավելի ռազմագերու նկատմամբ քրեական գործեր են քննվում

05/07/2021

Ռազմագերիների, անհետ  կորած անձանց կամ ենթադրյալ գերեվարված  280 անձի վերաբերյալ Հայաստանը  հրատապ միջոց կիրառելու խնդրանք է ներկայացրել ՄԻԵԴ` «Ռադիոլուրին» ասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Նրա խոսքով՝ 25–ից ավելի ռազմագերիների նկատմամբ  էլ  շինծու մեղադրանքներ են առաջադրվել, փաստաբանը համոզված  է, որ Բաքուն չի կարողանալու հիմնավորել դրանք։  

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝  եթե փաստական տվյալներ ձեռք չբերվեն, որ գերությունից վերադարձած տղաները կամովին են հայտնվել գերության մեջ, ապա նրանց նկատմամբ որևէ հետապնդում Հայաստանում չի իրականացվի։   

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում դեռ 25–ից ավելի ռազմագերիների նկատմամբ  հարուցված քրեական գործեր են քննվում։ Ադրբեջանցի զինվորներին խոշտանգելուց մինչև քաղաքացիական բնակչության  դեմ հանցագործություններ, ահաբեկչություն  ու սահմանի ապօրինի հատում՝ Բաքվի առաջադրած մեղադրանքները ծանր հանցագործությունների լայն շրջանակ են ներառում ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին առաջադրված բոլոր մեղադրանքներն էլ ակնհայտ շինծու են, և փաստաբանը վստահ է, որ Բաքուն չի կարողանալու հիմնավորել դրանք։

Ասվածի ապացույց համարում է Բաքվի դատարանի հուլիսի 2-ի վճիռը, որով հայ գերիներից 2–ը 4 տարվա, իսկ 12–ը 6 ամսվա ազատազրկման դատապարտվեցին, բայց քանի որ այդքան ժամանակ արդեն անազատության մեջ էին, ազատ արձակվեցին ու վերադարձան Հայաստան։ Նրանց առաջադրված ծանր մեղադրանքը կրճատվեց և սահմանափակվեց միայն մեկով՝  սահմանի ապօրինի հատում։

«Կարճման այս դրվագն էլ փաստում է, որ նրանք հասկանում են  միջազգային գործընկերների  դիրքորոշումը։ Այլ տարբեր նամակներ ուղարկելով՝ փորձում են հիմնավորել  իրենց վարկածը, որը չեն կիսում բանական մարդիկ և հնարամտորեն մի մասից հրաժարվելով՝ փորձում են փրկել  իրենց երկրի դեմքը»։

Գերեվարությունից Հայաստան վերադարձած  տղաներից շատերին ի սկզբանե ծանր մեղադրանքներ էին  առաջադրվել՝ ահաբեկչություն, զինված խմբավորումներ կազմավորում,  քաղաքացիական բնակչությանը հասցված վնասներ․ շարքը շարունակելի է։ Տղաներից 144-ի դեպքում, սակայն, դատախազը հրաժարվեց մեղադրանքների մեծ մասից՝ թողնելով դրանցից միայն մեկը՝  սահմանի ապօրինի հատում։ Դատարանը միայն այս մեղադրանքով է դատավճիռ կայացրել՝ «Ռադիոլուրին» ասում է հայ գերիների շահերի պաշտպանը։

«Այդ տարածքները եղել են հայկական վերահսկողության տակ։ Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ վերահաստատվել է նաև, որ դրանք շարունակաբան պետք է մնան հայկական կողմում։Այլ հարց է, որ հետագա քաղաքական և այլ գործընթացների  հետևանքով այդ տարածքները զիջվել են  Ադրբեջանին, և Ադրբեջանը շինծու կերպով վերագրում է, որ  ապօրինի  հատել են սահմանը, որն իրավաբանորեն հիմնավորումներ չունի։ Ծիծաղաշարժ է, որ զինծառայություն իրականացնող զինվորին կարելի է ապօրինի  սահման հատելու համար  մեղադրանք առաջադրել, այն դեպքում, երբ միջազգայնորեն  տեղյակ են, որ նշված  շրջանը ԼՂ Հ կազմում է, և հայտարարությունից հետո էլ Ադրբեջանն ընդունել է, որ պետք է մնա հայկական զորքերի հսկողության ներքո»։

Խոսքը Խծաբերդի մարտական դիրքերի մասին է, որտեղից էլ գերեվարվել են 60 ծառայողները։ Բաքվում ընթացող դատական գործընթացներում, սակայն, ուշագրավն իրավիճակի հակասականությունն է․ Ադրբեջանում կան ռազմագերիներ, որոնք դատապարտվել են, բայց  հետագայում նրանց գործերը կարճվել են ու  նրանք հայրենադարձվել են,  կան ռազմագերիներ էլ, որոնց վերաբերյալ  դատական գործեր չկան և նրանք շարունակում են  մնալ գերության մեջ։

«Այստեղ հետևողական գիծ Ադրբեջանի իշխանությունները չունեն, քանի  որ թատերականացված գործընթացներ են, դրանք շարունակաբար  իրականացվում են։ Դրան զուգահեռ  արդեն ընթանում են վերադարձի առնչությամբ քաղաքական  և այլ գործընթացներ»։   

Նրանում , որ տղաները դատապարտվելուց հետո էլ, միևնույնն է, կարողանալու են վերադառնալ  Հայաստան, Սիրանուշ Սահակյանը համոզված է։ Դա հնարավոր է համարում երկու պատճառով․ դատավարությունները շինծու են,  կայացված վճիռներն անարդար, ինչն էլ հաստատվելու է միջազգայնորեն, երկրորդ՝ ի սկզբանե որոշվել է, որ փոխանակումների մաս են դարձել  և դառնում ոչ միայն ռազմագերիները, այլ նաև ցանկացած հիմքով անազատության մեջ գտնվող անձինք։ Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել դատավճիռներով  ցմահ ազատազրկման  դատապարտված դիվերսանտների։

«Այս շինծու գործընթացներն ընթանում են եռակողմ համաձայնության հիման վրա։ Ադրբեջանը դեռևս  պարտականություն ունի անհապաղ ազատ արձակել այլ հիմքերով իր մոտ անազատության մեջ պահվող հայերի»։

Ադրբեջանն առաջնորդվում է «գերիներ՝ ականապատ տարածքների քարտեզների դիմաց»  մոտեցմամբ՝ հիշեցնում է զրուցակիցս և ընդգծում՝ սա նույնպես ապացուցում է, որ Բաքուն խնդիրը դարձրել է քաղաքական սակարկման առարկա։

«Ճիշտ աշխատանքի արդյունքում պետք է քննադատության և մեծ արձագանքի  արժանանար միջազգային հանրության կողմից։ Բայց հայկական կողմը սա չի կարևորում, և իր ողջ լրջությամբ խնդիրը չի ներկայացրել»։

Թե՛ վերադարձած, թե՛ դեռ գերության մեջ գտնվող տղաների և  թե՛գերեվարման մյուս՝ Բաքվի կողմից չընդունված  դեպքերի  վերաբերյալ ՄԻԵԴ-ում դատական պրոցեսներ  են ընթանում՝ ասում է ՄԻԵԴ–ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Շուրջ 270 անձի առնչությամբ դիմումներ են քննվում, որպեսզի հետագայում  ունենանք վճիռներ՝ նշում է զրուցակիցս։

Նրա խոսքով՝ գերությունից վերադարձած տղաներն ընդհանուր քրեական գործի շրջանակում հարցաքննվում են։ Եթե փաստական տվյալներ ձեռք չբերվեն, որ նրանք կամովին են հայտնվել գերության մեջ, ապա  որևէ հետապնդում նրանց նկատմամբ չի  իրականացվի։ Մինչ այս պահը գերությունից վերադարձած տղաներին մեղադրանք չի առաջադրվել։