«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գորիսի բնակիչները զրկվել են իրենց ապրուստի միակ միջոցից. Ցանքատարածությունները, արոտավայրերը մնացել են հակառակորդին

12/12/2020

Նոյեմբերի 9-ի հայտնի փաստաթղթից հետո Սյունիքի մարզի Գորիս քաղաքը դարձել է սահմանամերձ։ Քաղաքապետի և բնակիչների բնականոն կյանքը փոխվել է, այժմ թշնամին ավելի մոտ է, հետևաբար նրանցից յուրաքանչյուրն օրվա մեծ մասը ռազմական գործողությունների մեջ է։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը նշեց՝ քաղաքացիներից ոմանք սահմանն են պահում, մյուսները փորձում որևէ բանով օգտակար լինել․ «Այլ բան է, երբ թշնամին քեզանից կիլոմետրերով է հեռու, այլ բան է, երբ թշնամին ընդամենը մի քանի մետր կամ մեկ կմ է հեռու։ Արդեն սա է մեր կյանքը»,-ասաց Գորիսի քաղաքապետը։

Եռակողմ փաստաթղթից հետո Սյունիքում առաջացած խնդիրներից մեկն էլ կապված է գյուղատնտեսության հետ։ Առուշ Առուշանյանի խոսքով՝ տեղի բնակիչների 50 տոկոսից ավելին մեր պատմական ազատագրված հողերում զբաղվել է գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ․ «Սեզոնային բնույթ է կրել այդ աշխատանքը։ Այսինքն` տարվա մի մասն այնտեղ են եղել, մի մասն այստեղ, իսկ հիմա բոլորն իրենց անասունները վաճառում են, որովհետև պահելու տեղ չունենք։ Գորիսի և գյուղերի բնակչության մեծ մասը ֆերմերներ են եղել, իրենց ապրուստի միակ միջոցը դա է եղել։ Հիմա չկա և այս պահին չգիտենք, թե դրա այլընտրանքը ո՞րն է լինելու»,-ասաց Առուշ Առուշանյանը՝ ընդգծելով, որ խոսքը 5 կամ 10 տնտեսության մասին չէ։ Մարդիկ կայացած ֆերմաներ են ունեցել, որոշներն էլ վարկեր են վերցրել, նոր գոմեր կառուցել, իսկ հիմա չեն կարողանալու շարունակել իրենց աշխատանքները, ինչը մեծ խնդիր է։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք կառավարության հետ երկխոսություն եղել է նաև այս հարցի վերաբերյալ, Առուշանյանը նկատեց՝ կառավարությունն ուղղակի իրեն սպառել է․ «Մինչ օրս էլ ոչինչ չկա։ Որևիցե բանից տեղեկացված չեն։ Համայնքապետարանն առաջին օրից մինչև այսօր մեծ բեռ է վերցրել իր վրա։ Այդ մարդկանց աշխատատեղերի հարցը մեծ խնդիր է և այս դեպքում, եթե մեր ողջ ռեսուրսն էլ ուղղենք դրա վրա, խնդրին լուծում չենք կարող տալ»,-նշեց քաղաքապետը։

Հարցին՝ կա՞ն մարդիկ, որոնք պատրաստվում են գնալ Գորիսից, քաղաքապետն ասաց՝ սյունեցի ընտանիքը նման քայլի չի գնա։ Այժմ էլ համայնքապետարանի ուղղվածությունը, գործողություններն ավելի շատ ուղղում են սահմանամերձ գյուղերում ավելի ուժեղ շինարարություններ նախաձեռնելուն, բնակարանաշինությանը․ «Մենք հայ ենք, իրավունք չունենք այդկերպ լինել»,-ասաց Առուշ Առուշանյանը։

Նշենք, որ Գորիսի քաղաքապետը ևս միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Դեկտեմբերի 11-ին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ վարչապետի հրաժարականը պահանջող համայնքապետերին կանչում են ԱԱԾ, սակայն Առուշ Առուշանյանը նշեց, որ իրեն ԱԱԾ չեն կանչել և չի էլ կարծում, որ կկանչեն․

«Այնպես չէ, որ քաղաքական միտումներից ելնելով եմ միացել պահանջին։ Ո՛չ կուսակցական եմ, ո՛չ էլ քաղաքականացված, ուղղակի տեսնում ենք, որ այս կառավարությունը սպառված է և պետք է հրաժարական տան։ Իմ երկրի համար եմ մտածում, որ գան մարդիկ, որոնք կկարողանան այս իրավիճակից հանել երկիրը»,-նշեց Առուշ Առուշայանը՝ հավելելով, որ մեր երկրի միակ սուբյեկտը, որն աշխատում է, առաջին բանակային կորպուսն է։ Քաղաքապետի խոսքով առաջին բանակային կորպուսը պատերազմի օրերին և հիմա էլ առավելագույնս կատարում է իր առջև դրված խնդիրները։

Աղբյուր` Փաստինֆո