«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դատախազությունը պահանջում է կալանավորել Վանեցյանին, Բաղդասարյանին և Ավագյանին. կալանավորման միջնորդությունները մերժելու մասին որոշումները բողոքարկվել են

24/11/2020

ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանի և «Սիսական» կամավորական ջոկատի անդամ, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունները մերժելու վերաբերյալ դատարանի որոշումները։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին դատախազությունից։

Հիշեցնենք, որ Արցախի հողերի մի մասը Ադրբեջանին հանձնելու Փաշինյանի որոշման դեմ Երեւանում սկսված բողոքի ակցիաներին զուգահեռ իշխանություններն անցել են զանգվածային քաղաքական հետապնդումների՝ հարուցվել են քրեական գործեր՝ բողոքի ակցիաներ կազմակերպելու, ապա նաեւ՝ Փաշինյանի ենթադրյալ սպանությունը նախապատրաստելու հատկանիշներով։ Մի քանի տասնյակ ընդդիմադիր եւ հասարակական գործիչ ձերբակալվել է, որոնցից մի մասին նաեւ մեղադրանքներ են առաջադրվել օրենքի խախտմամբ հավաքներ կազմակերպելու ու անցկացնելու, իսկ Արթուր Վանեցյանին, Վահրամ Բաղդասարյանին և Աշոտ Ավագյանին, նույն ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին նաեւ իշխանության յուրացման, Փաշինյանի ենթադրյալ սպանության նախապատրաստման, ապօրինի զենք զինամթերք պահելու համար ու նրանց կալանավորելու միջնորդություններ ներկայացվել դատարաններ, որոնք մերժվել են։

Դատարանը ոչ միայն իրավաչափ չէր համարել Արթուր Վանեցյանի, Վահրամ Բաղդասարյանի և Աշոտ Ավագյանի ձերբակալությունն ու նրանց արգելանքից ազատելու որոշում կայացրել, այլեւ փաստել, որ կալանավորելու համար հիմքեր չկան՝ բացակայում է հիմնավոր կասկածը

Նշենք, որ դատարանը մերժել է նաեւ Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, սակայն դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ այս որոշումը դեռևս չեն ստացել և ստանալուց հետո կքննարկեն բողոքարկելու հարցը։

Աղբյուր` Փաստինֆո