«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

WWF-Հայաստանը տեղեկացնում է, որ կա ազնվացեղ եղջերուին հանդիպելու վտանգ, կսկսվեն ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքները

18/02/2023

Ի պատասխան փետրվարի 16-ին համացանցում հայտնված տեսանյութերի և լուսանկարների, որտեղ երևում է կովկասյան ազնվացեղ եղջերուների զբոսանքը Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող ճանապարհին՝ WWF-Հայաստանը տեղեկացնում է, որ առաջիկայում կսկսվեն ազնվացեղ եղջերուի մասին նախազգուշացնող ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքները համապատասխան ճանապարհահատվածներում։

Դեպքի հետ կապված` WWF-Հայաստանն այսօր Դիլիջանի համայնքապետարանի և «Դիլիջան» ազգային պարկի հետ նախաձեռնել է քննարկում։ Վերջինիս արդյունքում հստակեցվել է, որ կա անհրաժեշտություն վարորդներին նախազգուշացնելու կենդանիների հետ առնչման հնարավոր վտանգի մասին և որոշվել, որ շուտով կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշանները։

Մինչ նշանների և ցուցանակների տեղադրման աշխատանքների ավարտը WWF-Հայաստանը հորդորում է երթևեկելիս լինել զգոն և ուշադիր, քանի որ եղջերուները կարող են կրկին հայտնվել ճանապարհին։ «Անվտանգ երթևեկություն ապահովելուց բացի, կարևոր է նաև քաղաքի բնակիչներին իրազեկելը եղջերուների հետ հնարավոր առնչման մասին, որպեսզի նվազագույնին հասցվի մարդու և կենդանու միջև կոնֆլիկտի հավանականությունը։ Այս նպատակով կտեղադրվեն իրազեկող ցուցանակներ այն տարածքներում, որտեղ կա նման խնդիր»,- նշեց կազմակերպության հասարակության հետ կապերի ղեկավար Ժակ Նիազյանը։

Տեղեկացնում ենք, որ ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում պետությանը պատճառված վնասը հաշվարկվելու է 15 մլն դրամ, ինչպես նաև սահմանված են պատասխանատվության միջոցներ ՀՀ քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածով։

Հիշեցնենք, որ 2013 թվականից ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվում է «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը։ Ծրագրի հիմնական նպատակն է ազնվացեղ եղջերուի պոպուլյացիայի վերականգնումը Հայաստանում, որն իրականացվում է «Դիլիջան» ազգային պարկում կառուցված «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոնում»՝ ներմուծված բազմացող առանձնյակների և բազմացման կենտրոնում ծնված եղջերուներին բնություն ազատ արձակելու միջոցով։ Վերջերս՝ 2022 թվականի հոկտեմբերի 14-ին, «Դիլիջան» ազգային պարկում տեղի ունեցավ ծրագրի առաջին 3 ազնվացեղ եղջերուների բացթողումը բնություն:

Հարցերի համարԺակ Նիազյան
Հասարակության հետ կապերի ղեկավար
WWF- Հայաստան
11/1 Պռոշյան փող. Երևան 0019, Հայաստան
Հեռ: (+374 55) 115 770
Էլ. փոստ: zniazyan@wwfcaucasus.org
www.wwf.am