«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանն ու Հայաստանն այժմ շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Թուրքիայի ԱԳՆ

15/03/2024

Հիանալի հնարավորություն է ստեղծվել Հարավային Կովկասը վերածելու խաղաղության և կայունության վայրի: Այս մասին Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:

Նրա խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության ապահովումը ձեռնտու է բոլոր երկրներին։

«Հարավային Կովկասը խաղաղության և կայունության վայրի վերածելու հիանալի հնարավորություն կա։ Տարածաշրջանում խաղաղության ապահովումը ձեռնտու է բոլոր երկրներին: 2020 թվականի նոյեմբերից հետո դրա պատմական հնարավորությունը հայտնվեց»,- ասել է նա:

Ֆիդանը նշել է նաև, որ Հարավային Կովկասում խաղաղության ապահովումը կարևոր է ոչ միայն տարածաշրջանի, այլև համաշխարհային անվտանգության տեսանկյունից։

«Կարևոր է, որ մյուս տարածաշրջանների երկրները նույնպես աջակցեն այնպիսի նախագծերին, ինչպիսին է Զանգեզուրի գիծը, որը կարևոր է տարածաշրջանային և գլոբալ մասշտաբով»,- ասել է Ֆիդանը։ 

Նա նաև հավելել է. «Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ գլոբալ համակարգը փոխվում է: Ադրբեջանն ու Հայաստանը այժմ շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Լիովին աջակցում ենք բանակցությունների խաղաղ առաջընթացին»: