«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Այս տարի Երևանում կհիմնվի 70 հազար քմ նոր սիզամարգ, կտնկվի 4000 ծառ

10/03/2021

Կանաչ այս գորգը շուտով ջերմոցից Երևանի սիզամարգեր կհասնի: Այնտեղ, ուր սովորական խոտը չի աճում՝ ստվեր է, այս տարի թանթռնիկ պարտիզայինի շերտ կփռվի:

Հասմիկ Հակոբյան (Երևանի ջերմոցատնկարանային վարչության փակ գրունտի մասնագետ) - Նոր մշակույթ է, առաջին անգամ Երևանում կանաչապետելու ենք այսպես, որ գեղեցիկ տեսք ապահովենք:

Մայրաքաղաքի կանաչապատման-ծաղկապատման մեկնարկին են սպասում նաև խորդենիները, երեք տեսակ-տարբեր գույների արդեն 6000 սածիլ պատրաստ է զբոսայգիներ-մայթեր տեղափոխելուն՝ ներկայացնում է ջերմոցա-տնկարանի ղեկավարը:

Արթուր Խալաթյան (Երևանի ջերմոցատնկարանային վարչության պետ) - Տեղափոխվում են բաժակներով, իրականացվում է տնկում, թաղարները հետ են գալիս ջերմոց: Խորդենիներից բացի ջերմոցից դուրս են գալու քրիզանթեմները, վարդերը, տարբեր բուսազանգվածներ:

Վարդերը տարածքում կման մինչև ապրիլի կեսերը: Աշնանը բերած թփերն էտած-պատրաստ են, շուտով կոկոն կտան:

Ռուզաննա Դալլաքյան (Երևանի ջերմոցատնկարանային վարչության աշխատակից) - Սա մեր պոլիանտ վարդերն են՝ գաճաճ է, չի բարձրանում, ծաղկում է ամբողջ տարին:

Ծաղիկներից բացի՝ անցած տարվանից այստեղ սկսել են մայրաքաղաքի համար սերմից հազարներով ծառ աճեցնել, որ տնկիներն էժան ստացվեն: 92 թվականից հետո նման աշխատանք չէր արվել՝ պնդում է Խալաթյանը: Դրսում բաց կլիմային հարմարվող տուաներն ու եղևնիներն են, ներսում՝ նոր տեսականի:

Ռուզաննա Դալլաքյան - Մոտ 7-ից 8 տեսակի ծառեր ունենք, որ հնարավոր է աշնանն արդեն տեղափոխել քաղաք՝ սապոնածառը, կատալպան, թխկու տեսակներ, լենքորանյան ակացիան:

Այս տարի Երևանում կհիմնվի 70 հազար քառակուսի մետր նոր սիզամարգ, կտնկվի մինչև 80 հազար թուփ, մոտ 300 հազար հատ ծաղիկ ու 4000 ծառ: Սոճազգիներից ու փշատերևներից բացի՝ ծաղկող ծառեր կունենանք՝ ներկայացնում է մայրաքաղաքի կանաչապատման պատասխանատուն:

Արա Աղայան (Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն) - Մենք այս տարի գնումներում ավելացրել ենք այն ծառատեսակները, որ ծաղկման ժամանակ գեղեցիկ են: Դրանցից են սկումպիան, ձիակասկը, դրախտածառը, հուդայածառը:

Ծառատունկն իրականացվելու է ոռոգվող տարածքներում: Դենդրոլոգները կշարունակեն նախորդ սեզոնին կիսատ թողած Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածի, Մալաթիայում՝ Հույսի և հավատի այգու ձևավորումը: Վայրի խնձոր-սալորից մինչև չիչխան՝ կհայտնվի տարվա աշխատանքների երկու հիմնական հասցեում՝ Ծիծեռնաբերդի անտառում ու Սարալանջում: Նոր անցկացված ջրագիծն այստեղ, ի դեպ, պարզվում է, ոռոգման հարցն ամբողջությամբ չի լուծել:

Արա Աղայան - Կա ջրի ծավալի խնդիր, որ ամբողջ Հաղթանակի զբոսայգուն չի բավարարի, եթե ոռոգենք նաև լանջերը: Մենք նախատեսում ենք նոր մայր ոռոգման ջրագծի անցկացում...

Ինչ վերաբերում է Օպերայում սրճարաններից ազատված հատվածին՝ այն դեռ չի կանաչապատվի, քանի որ տնտեսվարողը վեճը դատարան է հասցրել: Գյուղակադեմիայի դիմաց Աբովյան պուրակի դեպքում ճեմուղի կառուցողի ու նստարան տեղադրողի մրցույթ կհայտարարվի: Խոշոր նոր ծրագրեր չեն սկսվի:

Արա Աղայան - Նուբարաշենի և Սիլիկյան թաղամասի անտառային շերտի ձևավորումը հետաձգվել է քաղաքի բյուջեի կրճատման պատճառով:

Ըստ Աղայանի՝ առաջիկայում Հրազդանի կիրճն աղբից մաքրելու շաբաթօրյակ կհայտարարեն: Տարվա գործերից շուտով կսկսեն գարնանային էտը: Զուգահեռ կկտրեն՝ գույքագրած չոր մոտ 400 պառավ ծառ:

Հեղինակ`Հերմինե Բաղդասարյան