«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նոր կանոններ Հայաստան մուտք գործելիս

05/11/2020

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշման 2-րդ կետով սահմանված հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) հավելվածի 2-5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (այսուհետ` ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ (այսուհետ՝ սերտիֆիկատ): Սերտիֆիկատը լինում է հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն լեզվով` հետազոտությունն իրականացրած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) բոլոր կոնտակտային տվյալները և ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով՝ նշելով հետազոտված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը (օր, ամիս, տարի), հետազոտության արդյունքը, ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից անհապաղ կատարվում է զննություն (այդ թվում` հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշների դեպքում լրացուցիչ հարցումների իրականացում)՝ վարակի ախտանշանների բացահայտման նպատակով, ստուգվում է սերտիֆիկատի առկայությունը, սերտիֆիկատ չունեցող անձանց տեղեկացվում է օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում նմուշառման մասին: Զննության արդյունքներով անձի նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում, եթե առկա են համապատասխան ախտանշաններ:

3. Բացի սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված սերտիֆիկատի առկայության և զննության արդյունքներով հոսպիտալացման ենթարկվելու դեպքերից, մյուս բոլոր դեպքերում անձը ենթակա է ՊՇՌ հետազոտության համար նմուշառման՝ օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և պարտադիր ինքնամեկուսացման՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը: Նմուշառման կետերն իրականացնում են նմուշառումը և ապահովում են անձի տվյալների մուտքագրումը և ինքնամեկուսացման գրանցումն ԱՐՄԵԴ համակարգ՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, ստուգելով կոնտակտային հեռախոսահամարի իսկությունը՝ նշված հեռախոսահամարին զանգ կատարելու միջոցով: Նմուշառումից հետո նմուշառման կետի կողմից ժամանողին տրամադրվում է նմուշառումը և ինքնամեկուսացման գրանցումը հավաստող փաստաթուղթ: ՊՇՌ հետազոտությունն իրականացվում է ժամանող անձի հաշվին:

4. ՊՇՌ հետազոտության արդյունքները գրանցվում են ԱՐՄԵԴ համակարգում և տրամադրվում են հետազոտված անձին ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում: ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:

5. Հայաստանի Հանրապետություն ժամանած անձը սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված սերտիֆիկատը կամ նմուշառման փաստը հավաստող փաստաթուղթը՝ անձը հաստատող փաստաթղթի հետ միասին օդանավակայանի ելքի մոտ ներկայացնում է Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի և Ոստիկանության աշխատակիցներին։ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի կողմից սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված սերտիֆիկատ չունեցող և ՊՇՌ հետազոտության համար նմուշառման փաստը հաստատող փաստաթուղթ ներկայացրած անձանց տրվում է պարտադիր ինքնամեկուսացման հրահանգ՝ մինչև ՊՇՌ հետազոտության արդյունքների ստացումը, ծանուցվում է ինքնամեկուսացման կանոնների և դրանց խախտման հետևանքների մասին, և այդ մասին տրվում է համապատասխան ձևի ծանուցագիր՝ ստորագրման, որից հետո Ոստիկանության աշխատակիցը թույլատրում է ժամանած անձի ելքը օդանավակայանից։ Օդանավակայանում ժամանած անձանց դիմավորողների մուտքը ժամանման սրահ արգելվում է։».

2) հավելվածի 6-րդ կետում «2-րդ կետով» բառերը փոխարինել «2-րդ և 3-րդ կետերով» բառերով, «5-րդ կետին» բառերը փոխարինել «3-րդ կետին» բառերով.

3) հավելվածի 7-րդ կետում «2-րդ կետով» բառերը փոխարինել «2-րդ և 3-րդ կետերով» բառերով.

4) հավելվածի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կամ Ոստիկանության ներկայացուցիչների կողմից հոսպիտալացվողը կամ մեկուսացվողն ուղեկցվում է մինչև համապատասխան տրանսպորտային միջոց։».

5) հավելվածի 9-րդ կետի առաջին նախադասության մեջ «2-րդ կետի 2-րդ ենթակետից» բառերը փոխարինել «2-րդ կետով սահմանված սերտիֆիկատ ներկայացնելու պահանջից և 3-րդ կետից» բառերով, իսկ 3-րդ նախադասության մեջ «2-րդ կետի 2-րդ ենթակետից» բառերը՝ «3-րդ կետից» բառերով.

6) հավելվածի 10-րդ կետի 1-ին ենթակետում «2-րդ կետի 2-րդ ենթակետով» բառերը փոխարինել «2-րդ և 3-րդ կետերով» բառերով.

7) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 10-րդ կետի 3-րդ ենթակետը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան