«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բուսաբանական այգին կանգնել է ֆինանսական լուրջ խնդիրների առջև

12/06/2021

Բուսաբանական այգին ունի ֆինանսական լուրջ խնդիրներ։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Բուսաբանական այգու տնօրեն Անահիտ Ղուկասյանը։ Պատճառը քիչ ֆինանսավորումն է։

«Երեք բուսաբանական այգիներ  գտնվում են բուսաբանական ինստիտուտի կառուցվածքում։Բացի այդ ինստիտուտն էլ ունի առանձին բաժիններ,որոնք ուսումնասիրություններ են կատարում։ Այսինքն՝ այս ամենը պահել միայն բյուջետային ֆինանսական միջոցներով, հնարավոր չէ։ Սրանով է պայմանավորված կուտակված խնդիրները»,-ասաց Ղուկասյանը։

Նրա պարզաբանմամբ՝ առաջնային է ոռոգման խնդիրը։

«Բարեգործների աջակցությամբ  կվերանորոգվի 13 հա տարածքի ոռոգման ցանցը, որտեղ գտնվում են կոլեկցիոն բուսատեսակները։ Սակայն կան հսկայական  տարածքները, որտեղ պետք է ցանցը վերանորոգվի կամ հիմնովին կառուցվի։Այս խնդիրն արդիական է»,- ասաց նա»

Մեկ այլ հարց է պատշաճ պահապանություն ապահովելը։

«Այցելուները շատ են, բայց ունենք երկու պահակ։ Մյուս կողմից էլ այգու մաքրության հարցը կարելի է նշել։ Ողջ այգու սանիտարական մաքրմամբ զբաղվում է մեկ հոգի, այն պարագայում,երբ հազարավոր այցելուներ ունի այգին։ Ուզում եմ ասել, որ ֆինանսավորման խնդիրը մեծ է»,- հավելեց Ղուկասյանը։

Բուսաբանական այգու տնօրենն ասաց,որ ամեն տարի խնդրում են Գիտության կոմիտեից նպատակային ծրագիր ֆինանսավորել ՝ այգեգործ բանվորների , տեխնիկայի ֆինանսավորման համար։ Բայց մեր ծրագրերը չեն անցնում։ Ընդամենը մի տրակտոր ունենք, այլ տեխնիկա այգին չունի»,- ասաց տնօրենը։

Մեր դիտարկմանը, թե արդյոք այգին այժմ չունի վարձակալության հիմունքներով տված տարածքներ, Ղուկասյանն ասաց՝ ոչ, քաղաքապետարանից արդեն մեկ տարի է արգելել են։

«Վարձակալությամբ ոչ մի տարածք չենք տալիս ,քանի որ քաղաքապետարանից ստացել ենք որոշում առ այն, որ մենք վարձակալական հիմունքներով տարածք չտանք։ «Լեո գրուպն» էր վարձակալում, անցած տարվա հունիսից էլ չենք տալիս»,-ասաց նա։

Մեր դիտարկմանը, թե այլընտրանքային տարբերակ կամ այլ առաջարկ արվե՞լ է քաղաքապետարանի կողմից, Ղուկասյանն արձագանքեց․ «Ոչինչ չեն առաջարկել։ Մենք  պետք է մեզ պահենք»։

Անահիտ Ղուկասյանը նաև տեղեկացրեց, որ այգու էներգետիկ ծախսերը  մեծացել են ՝ միջոցները քչացել։ Արևային համակարգերի տեղադրման անհրաժեշտություն կա, որը նախատեսում են առաջիկայում իրականացնել ՝ բարեգործների ֆինանսական  միջոցներով։