«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կյանքից հեռացել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը

17/04/2021

87 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը։
«Խորապես վշտացած ենք «Ավրորայի» համահիմնադիր և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, ամերիկահայ ականավոր մարդասեր, գիտնական, հեղինակ, մանկավարժ ու խորհրդատու և մեզնից շատերի թանկագին ընկեր Վարդան Գրեգորյանի (1934–2021) կորստի կապակցությամբ»,- ասված է «Ավրորա» նախաձեռնության հայտարարությունում: 
Իրանի Թավրիզ քաղաքում ծնված Վարդան Գրեգորյանն անհամար մարտահրավերներ է հաղթահարել, որոնց բախվել է երիտասարդ տարիքում Միացյալ Նահանգներ ներգաղթելով, և շարունակել է նշանակալի կարիերա կառուցել, որը տևել է մի քանի տասնամյակ և հատել իրեն հյուրընկալող երկրի գիտական, բարեգործական և մշակութային սահմանները: Նա կրթության և լուսավորության ջերմեռանդ ջատագով էր, որի համար գրքերը «հույսի, կրթության և ավելի լավ ապագայի կայաններ» էին:
Վարդան Գրեգորյանը ներքին հզոր ուժի տեր մարդ էր, կարեկցանքի ու անսահման իմաստնության շտեմարան: Նա արժանացել է բազմաթիվ դրամաշնորհների, այդ թվում ՝ Սայմոն Գուգենհայմի հիմնադրամից, Ուսյալ հասարակությունների ամերիկյան խորհրդից (American Council of Learned Societies), Հասարակագիտական հետազոտությունների ​​խորհրդից (Social Science Research Council) և Ամերիկյան փիլիսոփայական հանրությունից (American Philosophical Society): Բացի այդ, նա ստացել է պատվավոր բազմաթիվ աստիճաններ և պարգևատրությունների արժանացել Ֆրանսիայի, Իտալիայի, Ավստրիայի ու Պորտուգալիայի կառավարությունների կողմից:
Աշխարհում բարգավաճման ու խաղաղության հասնելու իր առաքելության մեջ Վարդան Գրեգորյանը միշտ հանդես է եկել ամենաաղքատների և իրավազուրկների անունից: Լինելով ցեղասպանության, խտրականության և հետապնդումների վերացման գործի հանձնառու՝ իր կարեկցանքով ու վճռականությամբ ոգեշնչված բոլորի համար նա դարձել է ուսուցիչ ու հույսի փարոս: Երիտասարդ սերնդին նա առաջնորդել է բարությամբ ու խորաթափանցությամբ՝ փոխելով մարդկային կյանքերը և մշտապես առաջնորդելով անձնազոհության ու նվիրվածության իր անձնական օրինակով: 
2015 թ. նա, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի հետ, հիմնադրել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փկողների: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և դրա «Ավրորա» մարդասիրական մրցանակը ձգտում են այդ փորձը վերածելու գլոբալ շարժման՝ անդրադառնալով աշխարհում առկա մարդասիրական մարտահրավերներին և կենտրոնանալով կարիքի մեջ գտնոցներին օգնելու վրա:
Որպես «Ավրորայի» համահիմնադիր և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Վարդան Գրեգորյանն անխոնջ աշխատել է՝ օգնելու այդ տեսլականը կյանքի կոչելուն և երկրորդ հնարավորություն տալու նրանց, ովքեր ամենից ավելի ունեն դրա կարիքը: Մենք հավերժ երախտապարտ ենք նրա փորձառության ու տեսլականի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ստեղծման ու զարգացման գործում նրա ներդրած անգնահատելի ավանդի համար:
«Ավրորան» սգում է Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ և աղոթք ու զորակցություն հղում նրա ընտանիքին և բոլոր նրանց, ովքեր օգտվել են նրա նշանավոր աշխատանքից և իմաստնությունից: Նրա ժառանգությունն ապրում է և շարունակելու է ապրել հավերժության մեջ: