«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինչու է շուկայից մի քանի օրով անհետացել շաքարավազը. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամները գաղտնի հանդիպումներ են ունենում օլիգարխների հետ․ Սուրեն Պարսյան

10/07/2021

Այս ամսվա սկսզբին Հայաստանի մանրածախ առևտրի շուկայում նկատվեց շաքարավազի վաճառքի սահմանափակումներ, նաև գների աճ։ Դա հիմնականում սկսեց խոշոր սուպերմարկետներից , որոնք սահմանափակեցին նախ կիլոգրամով գնումների ծավալը, այսինքն, 5 կգ-ից ավել հնարավոր չէր գնել, ապա նաև չփաթեթավորված շաքարավազ ուղղակի չկար շուկայում, իսկ փաթեթավորվածը 440 դրամ էր։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանն՝ ընդգծելով, այս իրավիճակում մարդկանց շրջանում խուճապ տարածվեց ու մարդիկ սկսեցին ավելի շատ գնել՝ ուշադրություն չդարձնելով գնի վրա։

«Փոքր խանութներն էլ, տեսնելով սուպերմարկետների գները , սկսեցին արհեստական գները էլ ավելի բարձրացնել, արդյունքում՝ մարդիկ սկսեցին ավելի շատ գնել, քան իրենց պետք էր։ Այս սեզոնին, բնականաբար, պահածոներով պայմանավորված՝ շաքարավազ շատ են գնում, բայց այժմ սկսեցին էլ ավելի շատ գնել։ Արդյունքում շուկայում սկսվեց արհեստական դեֆիցիտ։ Դրա մասին բարձրաձայնում էին սովորական սպառողները, լրատվականները անդրադարձ արեցին, թե այս կամ այն խանութում շաքարավազ չկա։ Հատկանշական է, որ Տնտեսական մրցակցության հանձնաժողովը, որ կոչված է պաշտպանել մեր սպառողներին մենաշնորհներից ու նրանց գործունեությունից՝ ոչ թե պաշտպանեց, այլ դարձավ մենաշնորհների «փաստաբանը»՝ արդարացնելով նրանց գործունեությունը, այն դեպքում, երբ արհեստականորեն այս գործընթացը սկսվել էր հենց նրանցից։ Իսկ մրցակցության հանձնաժողովը ոչ թե պատժեց նրանց այլ արդարացրեց ու հերքեց, որ խանութներում չփաթեթավորված շաքարավազի պակաս է եղել։ Այսինքն, հանձնաժողովը հայտարարում էր որ կա 360 դրամով շաքարավազ, մինչդեռ այդ շաքարավազն ուղղակի չկար։ Հանձնաժողովը հերքեց նաև, որ օրինակ փոքր և միջին խանութներում չփաթեթավորված շաքարավազի գները բարձրացել են, ՏՄՊՊՀ-ն իրեն պարզապես հիմար իրավիճակի մեջ դրեց, երբ բոլորը պնդում էին, որ շաքարավազի դեֆիցիտ կա ու գների աճ, իսկ իրենք հակառակն էին պնդում։ Դա կարելի է բացատրել նրանով, որ այս հանձնաժողովը դարձել է օլիգարխների սպասարկող հանձնաժողով, այն դեպքում երբ ինքը կոչված է սպասարկելու ժողովրդին ու ժողովուրդն է իրենց ֆինանսավորում, նրանք հարկատուների հաշվին են աշխատավարձ ստանում։ Քանի դեռ այդ օլիգարխահաճո մրցակցության հանձնաժողովն է Հայաստանում գործում, Հայաստանում մրցակցությունը և տնտեսությունը չի կարող զարգանալ, մենք օր առաջ պետք է ազատվենք նման հանձնաժողովներից, քանի որ նրանք խոչընդոտում են առողջ մրցակցությանը և տնտեսական զարգացմանը»։

Նա ընդգծեց, որ իր բարձրացրած աղմուկից հետո՝ մի քանի օրվա ընթացքում խանութներում հայտնվեց չփաթեթավորված շաքարավազը, այն դեպքում, երբ 4-5 օր է չկա։
«Ես դեռ 2020 թ-ի փետրվարի 5-ի հայտարարության մեջ եմ նշել, որ հանձնաժողովի անդամները հանդիպում են հանրությանը հայտնի օլիգարխների հետ և որևէ կերպ չհիմնավորված գաղտնի հանդիպումներ են, անհայտ է դրանց նպատակներն ու օրակարգը, դրանից հետո, երբ նույն օլիգարխը պարբերաբար խախտումներ է անում՝ իրենք չեն արձագանքում ու որևէ լուծում չեն տալիս։ Հերթական անգամ նրանք արդարացրեցին, որ հանկարծ չնեղացնեն օլիգարխներին։ Կարծում եմ արդեն սերտաճել են այդ օլիգարխիկ համակարգին, ավելին այդ հանձնաժողովի նկատմամբ վերահսկողությունը պետք է իրականացներ խորհրդարանը, մինչդեռ այս խորհրդարանական մեծամասնության մեջ բազմաթիվ մեծահարուստներ ու օլիգարխներ կան»։

Հարցին, թե պատահական էր ընտրություններից հետո շաքարավազի շուկայում առաջացած այս պրոցեսները, կապ տեսնո՞ւմ է, թե ոչ նա նշեց, որ երբ նախկինում առաջին անհրաժեշտության ապրանքների գները բարձրանում էին ընտրություններից հետո, դա բացատրվում էր նրանով, որ ընտրությունների ժամանակ ծախսած գումարներն են հետ բերում։ «Հիմա, կարծես, օրինաչափությունը պահպանվում է, ընտրությունները ավարտվել են, իշխանությունը վերարտադրվել է, ապրանքների գները բարձրանում են»։