«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Աչաջուրի առողջության կենտրոնի տնօրենն ազատման դիմում է գրել

29/06/2021

NEWS.am-ի տեղեկություններով՝ Տավուշի մարզի Աչաջուրի առողջության կենտրոնի տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Կորյուն Վարդապետյանն այսօր՝ հունիսի 29–ին, աշխատանքից ազատման դիմում է գրել։ Մեր տեղեկություններով՝ ընտրություններից հետո Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը քաղաքական հայացքների համար ճնշումներ է սկսել գործադրել Վարդապետյանի նկատմամբ։

Լրատվամիջոցի հետ զրույցում Վարդապետյանը հաստատեց, որ ազատման դիմում է գրել.

«Ազատման դիմում գրելն իմ անձնական որոշումն է, հանգամանքներից ելնելով, որոշել եմ, որ ճիշտը դա է։ Պարզապես ուզում եմ աշխատատեղս փոխել»,–ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ ցանկանում է որոշ ժամանակ հանգստանալ, ապա նոր աշխատանք գտնել։

Անդրադառնալով իր քաղաքական հայացքներին, Վարդապետյանը նշեց, որ «Հայաստան» դաշինքի համակիրն է, սակայն այդ դաշինքի օգտին քարոզչություն չի արել։

Հիշեցնենք, որ նախորդ տարի Վարդապետյանը պայքարում էր, որպեսզի Աչաջուրի միակ ծննդատունը չփակվի, սակայն, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով, ծննդատան գործունեությունը կասեցվեց և բազմաթիվ բուժաշխատողներ զրկվեցին աշխատանքից։

Ի դեպ՝  հունիսի 20–ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում   Աչաջուրում քվեարկությանը մասնակցած 1822 ընտրողից 1367-ը  քվեարկել է «Քաղաքացական պայմանագիր» կուսակցության օգտին, իսկ 248–ը՝ «Հայաստան» դաշինքի։