«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Գերհզոր զենք պիտի ստեղծվի, մեր դիվանագիտությունը պիտի կռվի»

14/10/2021

Արցախի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի բնակիչները բարձրացնում են Հադրութի շրջանի դեօկուպացիայի հարցերը։

Խծաբերդի համայնքապետ Ալեքսանդր Ավանեսյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց․ «Սաղ ժողովուրդը սպասում են, որ տարածքը հետ տան, գնանք այնտեղ ապրենք։ Բայց թե ինչպես հետ կտան, դա չենք կարա ասենք։ Մեր բնակիչների կեսը ապրում են Ղարաբաղում, կեսը Հայաստանում։ Մարդու իրավունքների հարց է սա, մարդն իրավունք ունի ապրելու իր բնակավայրում։ Բայց մենք ապագայի հույս դեռ չենք տեսնում»։

Նրա խոսքով՝ պարզ չէ՝ իշխանություններն ինչ քայլեր են անում դեօկուպացիայի խնդիրների լուծման ուղղությամբ։ «Մենք սպասում ենք, թե իրենք ինչ քայլեր կանեն։ Մեր բնակիչները ոչ մի տեղ չեն ուզում գնան, իրենք ուզում են գնալ իրենց գյուղ, մեր երազանքը միայն էդ ա», հավելեց նա։

Հրադադարից հետո՝ նախորդ տարվա դեկտեմբերին հայկական վերահսկողության տակ մնացած Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերը հանձնվել էին Բաքվին։ «Ինչքան կարեցել ենք մենք պահել ենք, զինադադարից հետո մեր բանակն է եկել այնտեղ մնացել, թե ինչ են արել, ինչ չեն արել, չեմ կարա ասեմ։ Մեզ ոչ մի պաշտոնական տեղեկություն չեն ասում։ Ասում են՝ Ադրբեջանի կողմից եկել են, ասել են՝ մեր տարածքն ա, տվել են իրենց, հետո ռուսներն են եկել, թե ինչ է եղել, չեմ կարող հստակ ասել», նշեց նա։

Ալեքսանդր Ավանեսյանն անդրադարձավ Արցախում ժամանակ առ ժամանակ գրանցվող հրադադարի խախտման դեպքերին ու հարցին, որ խաղաղ բնակիչների շրջանում զոհեր են լինում։ «Մենք 30 տարի այդպես ապրել ենք, միշտ հույս է եղել, որ մեր հողը պետք է մնա մեզ։ Մենք զոհ էլ ենք տվել, բայց մեր հողը պահել ենք մեզ։ Հիմա ժողովրդի վիճակը բարդանում է, քանի որ անվտանգությունը 100 տոկոսանոց ապահովված չի։ Մեր կառավարությունը պիտի ապահովի, բայց երևի ի վիճակի չեն, ռուսական կողմին են ասում, որ ապահովի, իսկ ռուսական կողմը թե ոնց է ապահովում, դա չեմ կարող ասել»,- հավելեց նա։

Հին Թաղերի նախկին գյուղապետ Էդիկ Այվազյանը Lragir.am-ի հետ զրույցում նշեց, որ դեօկուպացիայի հարցերն իրենց գյուղի բնակիչներն էլ են բարձրացնում, մարդիկ ուզում են գյուղ վերադառնալ։ «Թե ոնց պետք է հետ բերել՝ չգիտեմ, բայց իմ կարծիքն այն է, որ Հին Թաղերը, Խծաբերդը, Հադրութը չպետք է տրվեր։ Մեր գյուղացիները հադրութցիների հետ դուրս են գալիս հրապարակ, բարձրաձայնում են՝ մեզ տուն տվեք։ Բայց տուն տալը, իհարկե, ստից հարց է, մենք բոլորս պատրաստ ենք, որ մեր հողերը տան, գնանք մեր պապական տները կահավորենք ապրենք։ Մենք սաղս էլ պատրաստ ենք գնալու»,- ասաց նա։

Նախորդ տարվա դեկտեմբերյան դեպքերից հետո, ըստ Ավազյանի, այդպես էլ ոչ մի պաշտոնական տեղեկություն չեն ստացել իրենք, թե ինչու Հին Թաղերն ու Խծաբերդն անցան թշնամուն։ «Այդ հարցը սաղիս է հետաքրքրում, վառվում ենք։ Ոնց թե, նոյեմբերի 10-ին ստորագրվում է պայմանագիր, որ զինադադար է, ով որտեղ կանգնած է, պետք է էնտեղ կանգնի։ Մեկ էլ դեկտեմբերի 16-ին դաժե ռուսների ներկայությամբ ասում են՝ սա ձերը չէ, դուրս եկեք։ Դրան գումարած 9 զոհ, 62 գերի հանձնվում է, ու Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը տրվում են թուրքին։ Սա առեղծված էր մեզ համար, ինչքան դիմել ենք, ոչ մեկը կոնկրետ էդ հարցին չի կարում պատասխանի։ Դաժե քարտեզի վրա Հին Թաղերն ու Խծաբերդը Արցախում մեզ մնացած տարածքում էին։ Մենք 36 օր, իմ տղերքն էնտեղ էին, պահեցինք, վերջում սիրուն վերցրեցին»,- ասաց նա։

Էդիկ Այվազյանի խոսքով՝ անվտանգային այս իրավիճակում Հայաստանը պետք է արդիական զենք ստեղծելու կամ ձեռք բերելու մնասին մտածի։ «Ստեղ պիտի ուղեղը կռվի, դիվանագիտությունը պիտի կռվի։ Մենք աշխարհով մեկ ասում ենք՝ հայերը շատ խելոք են, գերհզոր զենք պիտի ստեղծվի։ Մեր եղած ռեսուրսը զորակոչեցինք, լավ, բայց մենք կկարողանա՞նք 90 մլն թուրքերի ու ադրբեջանցիների դեմ կռվե՞նք։ Մենք պիտի արդիական զենքի վրա շեշտը դնենք, որ բունկերից մեր զենքը դուրս գա, ով մոտիկանա, ոչնչացնում ենք։ Այդ ժամանակ կարան հաշվի նստեն մեզ հետ։ Նաև մեր դիվանագիտությունը պիտի ուժեղանա, որ կարողանան հարց լուծեն»,- ասաց նա։

Ըստ Այվազյանի՝ Հայաստանի ու Արցախի կառավարությունները Արցախի բնակչության իրավունքների հարցը պետք է բարձրացնեն, պետք է հարց դնեն, որ Արցախի ինքնորոշումը 30 տարի չի լուծվել, պետական մտածողություն չի եղել։

Ըստ Էդիկ Այվազյանի՝ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները չպետք է այսօր ԽՍՀՄ քարտեզներով արվեն, քանի որ ԽՍՀՄ օրոք վարչական տարածքներ են եղել։ «Պետական սահմանը 1923 թվի քարտեզով գծեք, 23 թվի քարտեզում ո՞րն է եղել բուն հայկական սահմանները։ Հիմա էսօր Ադրբեջանն իր կամքն է թելադրում, ասում է՝ այս քարտեզով, մենք պիտի գոռանք, աշխարհին ասենք՝ հլա Վիլսիոնի քարտեզները վերցրեք, տեսնենք Հայաստանի սահմանը որն էր։ Մենք պիտի ասենք՝ դեմ չենք սահմանազատմանը, բայց սովետական վարչական սահմանի ու պետական սահմանների մեջ մեծ տարբերություն կա»,- հավելեց նա։