«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Այվազյանն ԱՊՀ ԱԳՆ խորհրդում ներկայացրել է ԼՂ-ում Բաքվի իրականացրած հայկական մշակույթի եղեռնի փաստեր

02/04/2021

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ռազմական կենտրոնում նախկին խորհրդային պետությանների արտաքին գերատեսչությունների ղեկավարներն Անկախ պետությունների համագործակցության շրջանակում հանդիպեցին հերթական անգամ: Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին ԱՊՀ-ում փոխգործակցության հիմնական ուղղություններն ընդգրկող հարցեր։ Մասնակիցները կարծիքներ փոխանակեցին տարածաշրջանային, միջազգային արդիական թեմաների վերաբերյալ։ Այս անգամ ռուսաստանյան համագործակցային հանդիպման առանցքում Արցախում ստեղծված իրավիճակն էր, որի քննարկումներն սկսվեցին դեռ մինչև նիստը։

ԱՊՀ արտգործնախարարները նախ հանդիպեցին նեղ կազմով: Նախարար Այվազյանը նիստի մասնակիցներին ներկայացրեց օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ թուրք-ադրբեջանական 44-օրյա ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրությունը, նաև Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունները՝ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորումը, գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքն ու նրանց անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը:

Նախարարը նաև ներկայացրեց Արցախում Ադրբեջանի իրականացրած հայկական մշակութային եղեռնի փաստեր: Նիստի շրջանակում Արցախյան հարցը նախօրեին Լավրովը քննարկել էր Այվազյանի ու Բայրամովի հետ՝ առանձին երկկողմ հանդիպումներում: Նույն ձևաչափով հանդիպմանը քննարկվել են արտաքին քաղաքական, անվտանգային և հումանիտար համագործակցության հետագա ընդլայնմանն ուղղված փաստաթղթերի նախագծերը:

Սերգեյ Լեբեդև, ԱՊՀ գործադիր քարտուղար - ԱՊՀ երկրները կարող են առավել ակտիվ փոխանակել մոտեցումները, համագործակցել միջազգային օրակարգի հարցերում, ձգտել համաձայնեցնել իրենց դիրքորոշումները՝ հիմնվելով բարիդրացիական գործակցության երկարաժամկետ հեռանկարների և ազգային շահերի վրա:

Հավանության արժանացավ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների և համաշխարհային հանրության ուղերձը համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդներին՝ Հայրենական մեծ պատերազմի սկսման 80-ամյակի կապակցությամբ: Երեք ժամից քիչ ավելի տևած հանդիպումից հետո նախարարներն ավանդաբար լուսանկարվեցին ու անցան ընդլայնված նիստում փաստաթղթերի ստորագրմանը: Քննարկեցին 2020-ին գործընկերության ակտիվացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը:

Սերգեյ Լավրով, ՌԴ ԱԳ նախարար - Համագործակցության համար հոբելյանական տարի է, նշում ենք հիմնադրման 30-ամյակը: Այսօր լավ հնարավորություն եղավ անդրադառնալ արդյունքներին, հստակեցնել հետագա աշխատանքի կոնկրետ ուղղությունները: Արտաքին քաղաքական տեսանկյունից քննարկված գլխավոր հարցն ԱՊՀ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև գործընկերության ակտիվացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքն է:

Հավանության արժանացած երկու փաստաթուղթ կուղղվի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդին: Նախագծերը վերաբերում են գեոդեզիայի, քարտեզագրության ոլորտներում համագործակցությանը և Զինված ուժերի սպաների օպերատիվ-ռազմավարական պատրաստության բազային կազմակերպության ստեղծմանը: Նիստի արդյունքների հիման վրա ստորագրվեցին փաստաթղթեր, որոնք կներկայացվեն ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաստատմանը: Այն նախատեսված է մայիսի 28-ին, ապա հոկտեմբերի 14-ին՝ Մինսկում:

Հեղինակ`Մերի Եգորյան