«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եվրամիությունը պատժամիջոցներ է պատրաստել Թուրքիայի դեմ

14/04/2021

Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով պետքարտուղար Կլեմենտ Բոնը հայտնել է, որ Թուրքիայի դեմ կսահմանվեն պատժամիջոցներ, եթե վերջինս Արևելյան Միջերկրանի և այլ տարածաշրջաններում շարունակի իր ագրեսիվ վարքագիծը: Այս մասին Բոնն ասել է Ֆրանսիայի խորհրդարանում:

«Մենք Եվրոպային ստիպեցինք, որ Թուրքիայի նկատմամբ ամուր, միասնական և հստակ գիծ ցուցաբերի: Լարվածություն չենք փնտրում, բայց և մեր շահերն ենք պաշտպանում»,-ասել է նա: 

Բոնը Թուրքիային երկընտրանքի առաջ է կանգնեցրել՝ նշելով. «Թուրքիան պիտի որոշի՝ հետևե՞լ լարվածությունը թուլացնելու ուղուն, թե՞ շարունակել ագրեսորի վարքագիծը: Երկու ընտրության դեպքում էլ ԵՄ-ն պատրաստ է արձագանքել: Հարկ եղած դեպքում մենք կդիմենք այն միջոցներին, որոնք նախապատրաստել ենք, այդ թվում՝ պատժամիջոցներ»: 

Թուրքական լրատվամիջոցները Բոնի այս հայտարարությունը կապում են վերջերս Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդարանի նախագահների՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի հետ:

Հիշեցնենք, որ հանդիպման մեկնարկին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին աթոռ չէին առաջարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի կողքին: Ֆոն դեր Լյայենը ստիպված էր եղել նստել Էրդողանի և Միշելի կողքին գտնվող բազմոցին։

Բոնը միջադեպի կապակցությամբ մեղադրել էր Թուրքիային, նշելով որ վերջինս վատ վարքագիծ էր դրսևորել և ԵՄ-ի դեմ միտումնավոր խնդիր էր ստեղծել: 

Աղբյուր`  https://www.ermenihaber.am/

facebook sharing button

twitter sharing button

pinterest sharing button

email sharing button

sharethis sharing button