«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Կորոնավիրուսի աճը մտահոգիչ է հատկապես նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում

11/03/2021

Օրական հայտնաբերվող քովիդի դեպքերն էական աճում են՝ Կառավարության նիստին այսօր ահազանգել է վարչապետը։ Երեկ կատարված 4285 թեստից 748-ը դրական են եղել, վերապրոֆիլավորված 9 բժշկական կենտրոնում էլ այս պահին մոտ 100 մահճակալ է ազատ։ Առողջապահության նախարարը հիշեցրել է՝ ազատ մահճակալների թիվն անսպառ չէ, ու պետք է զգոն լինել, Փաշինյանն էլ կոչ է արել պահպանել հակահամաճարակային կանոնները։

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ևս տագնապ է հնչեցնում: Կենտրոնի համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նախազգուշացնում է՝ եթե առաջիկա շաբաթվա ընթացքում քաղաքացիները չվերադառնան անվտանգության խստագույն կանոնների պահպանմանը, կունենանք վարակի 3700 նոր դեպք:

Հատկապես մտահոգիչ է մանկապարտեզային տարիքի երեխաների շրջանում վարակի աճը. ըստ վիճակագրության՝ 3-5 տարեկանների վարակման դեպքերն աճել են 1.17 անգամ, 6-8 տարեկաններինը՝ 3.3 անգամ և 6-17 տարեկաններինը՝ 1.42 անգամ: Մասնագետի կարծիքով՝ այս իրավիճակում չի բացառվում նաև դպրոցներում անվտանգության կանոնների խստացումը:

Այս պահին կլինիկական բուժում ստանում են ծանր ախտանիշներով հիվանդները: Տնային պայմաններում բուժվողներին Ռոմելլա Աբովյանը հիշեցնում է՝ առանց բժշկի ցուցման հակաբիոտիկների չարաշահումը կարող է ավելի բարդացնել վիճակը: Արդեն պատվաստում ստացածների մոտ որևէ բարդացում չկա:

Բայց մինչև պատվասումը Ռոմելլա Աբովյանը կրկին հիշեցնում է՝ վարակի դեմ պայքարի մեկամյա փորձը վկայում է՝ 3 կանխարգելիչ միջոցառումների՝ ձեռքերի ախտահանման, սոցիալական հեռավորության պահպանման և դիմակների արդյունավետությունը:

Հեղինակ`Լիլիթ Դանիելյան