«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դեմոկրատները վիրտուալ պաշտպանել են Բայդենի թեկնածությունը

18/08/2020

Երկուշաբթի երեկոյան ԱՄՆ-ում մեկնարկել է Դեմոկրատական կուսակցության համագումարը։ Երկրում դեռ գործող կարանտինային միջոցառումների պատճառով համագումարը, որը պետք է կայանար Միլուոքի քաղաքի (Վիսքոնսին նահանգ) մարզադաշտում, ամբողջությամբ վիրտուալ է տեղի ունեցել․ քաղաքական գործիչներն ու պատվիրակները ընտրողներին են դիմել տեսակապով, իսկ Լոս-Անջելեսի հեռուստատաղավարում միայն հաղորդավարն է եղել՝ դերասանուհի Եվա Լոնգորիան։

Հեռարձակման ընթացքում քաղաքական գործիչների ելույթներին ժամանակ առ ժամանակ հաջորդել են հարցազրույցներ ընտրողների հետ և հայտնի երգիչների տեսահոլովակներ։

Նախագահի պաշտոնում Դեմոկրատական կուսակցության թեկնածուի անունը պաշտոնապես պետք է հայտարարվի համագումարի վերջին օրը՝ օգոստոսի 20-ին։ Այնուհանդերձ, հեռարձակման հենց առաջին րոպեներից «Բայդեն/Հարիս-2020» պաստառները երևացել են գրեթե բոլոր կադրերում, ԱՄՆ նախկին փոխնախագահի հինգ թոռները բացել են համագումարը՝ հավատարմության երդում տալով Միացյալ Նահանգներին, իսկ Ջո Բայդենն էլ անընդհատ ներկա է եղել էկրանի վրա։

Հասարակական կարծիքի հարցումների համաձայն՝ նախկին փոխնախագահը, առաջվա պես, Թրամփից առաջ է անցնում առանց բացառության բոլոր նահանգներում։