Պատերազմի ընթացքում հաշմված զինծառայողներն ամսական 300 հազար դրամ աջակցություն կստանան
Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Սյունիքում է: Ըստ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ Հայաստանի հարավային մարզում իրավիճակը ՊՆ վերահսկողության ներքո է:
Տիգրան Ավինյան (ՀՀ փոխվարչապետ) - Սահմանապահ զորքերը Սյունիքի մեր սահմանի երկայնքով տեղակայման աշխատանքներ են կատարում:
Սուրեն Պապիկյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Ապատեղեկատվությունից խուսափելու համար պետք է նշել, որ ՀՀ սահմանները ամուր են և մեր կողմից վերահսկելի:
Այս շաբաթ գերիների առաջին խումբը վերադարձավ հայրենիք, այս պահին շարունակվում է տվյալների ճշտման և հերթական խմբի փոխանակման ուղղությամբ աշխատանքը՝ Կառավարության նիստին հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Բանակցություններ են ընթանում Ադրբեջանի հետ, որին ակտիվ մասնակցում են նաև ռուսական կողմն ու Կարմիր խաչը: Ավինյանը անդրադարձավ է նաև Խծաբերդի խնդրին:
Տիգրան Ավինյան - Հաջորդ խնդիրը վերաբերում է Խծաբերդում տեղի ունեցած միջադեպին և այն անձանց, որոնք ամենայն հավանականությամբ գերեվարված են: Տվյալներն այս պահին ճշտվում են: Օնիկ Գասպարյանը Արցախում է՝ տեղում լուծումները հասկանալու և քննարկումներ իրականացնելու: Այս հարցով էլ բանակցություններ են գնում: Մոտակա ժամանակներս ակնկալում ենք հանգուցալուծում:
Օրեր առաջ շրջափակման մեջ հայտնված, այնուհետև ապաշրջափակված Հին Շենի հետ կապված խնդիրն ամբողջությամբ լուծված չէ՝ ասում է Ավինյանը, բայց այս պահին առկա է միջդիրքային հաղորդակցությունը: Փոխվարչապետի խոսքով՝ այդ հատվածում այժմ տեղակայված են ռուսական խաղաղապահները: Այս հարցում ևս Ավինյանն ակնկալում է, որ առաջիկայում կտրվի վերջնական լուծում:
Հարցը չզեկուցվող է, բայց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարզաբանում է խնդրում արդարադատության նախարարից: Առաջարկվում է փոփոխություն կատարել անհետ բացակայելու կանոնակարգում:
Ռուստամ Բադասյան (ՀՀ արդարադատության նախարար) - Մասնավորապես, եթե ռազմական գործողությունների հետևանքով է կասկածվում, որ անձն անհետ բացակայում է, ժամկետը 3 ամիս է, նաև մահացած ճանաչելու հետ կապված՝ կրկին ռազմական գործողությունների հետ կապված կրճատվում է 1 տարի ժամկետով: Տարածվում է 27-ից ծագած հարաբերությունների նկատմամբ: Փոփոխությունը կապված է հիմնականում ինչ-որ հիմադրամներից աջակցություն ստանալու համար, երբ անհետ բացակայում է անձը: Դիմեն հիմնադրամներ:
Գործադիրի հաստատմանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց կարճաժամկետ մի քանի նախագիծ: Ըստ առաջարկվող ծրագրի՝ Արցախի քաղաքացիները Հայաստանում կանցնեն վճարվող աշխատանքային փորձ՝ 100 հազար դրամ վարձատրությամբ: Աջակցություն կստանա նաև գործատուն՝ 34 հազար դրամ:
Տեղահանված արցախցիներին ժամանակավոր աշխատանք կտրամադրվի նաև համայնքներում: Ծրագիրը 3 ամսով է:
Առաքելյանն առաջարկում է նաև աջակցել պատերազմի հետանքով վիրավորված այն քաղաքացիներին, որոնք դեռևս չունեն հաշմանդամության խումբ, բայց վիրավորումից ակնհայտ է, որ այդ խմբի շահառու են:
Մեսրոպ Առաքելյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Մինչև հաշմանդամության խումբ ստանալը նրանք հնարավորություն են ունենում հիմնադրամի կողմից ստանալ աջակցություն՝ 6 ամիս ժամկետով, ինչպես նաև օրենքով սահմանված հատուցումներ:
Սոցիալական ևս մեկ ծրագիր ներկայացվեց, որով աջակցություն կստանան արցախցիներին ապաստան տված քաղաքացիները: Հայաստանում յուրաքանչյուր չափահաս արցախցու համար հյուրընկալը կստանա 30 հազար դրամ, իսկ Արցախում ապաստան տալու համար՝ 45 հազար դրամ: Արդյոք աջակցության ծրագրերի վերաբերյալ իրազեկումը պատշա՞ճ է իրականացվում՝ հարցնում է Ավինյանը: Սոցապ նախարարը թվերով է պատասխանում:
Մեսրոպ Առաքելյան - Այս պահին ընթացքի մեջ է երկու միջոցառում: Մասնակիցների մի խումբն արդեն հաստատված է:
Սոցապ նախարարի առաջարկած բոլոր նախագծերը գործադիրը ընդունեց միաձայն:
Կառավարության որոշմամբ՝ Արամ Խաչատրյանն էլ նշանակվեց Լոռու մարզպետ:
Հեղինակ`Մուշեղ Իսախանյան, 1Lurer.am