«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Պատերազմի ընթացքում հաշմված զինծառայողներն ամսական 300 հազար դրամ աջակցություն կստանան

17/12/2020

Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Սյունիքում է: Ըստ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ Հայաստանի հարավային մարզում իրավիճակը ՊՆ վերահսկողության ներքո է:

Տիգրան Ավինյան (ՀՀ փոխվարչապետ) -  Սահմանապահ զորքերը Սյունիքի մեր սահմանի երկայնքով տեղակայման աշխատանքներ են կատարում:

Սուրեն Պապիկյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Ապատեղեկատվությունից խուսափելու համար պետք է նշել, որ ՀՀ սահմանները ամուր են և մեր կողմից վերահսկելի:

Այս շաբաթ գերիների առաջին խումբը վերադարձավ հայրենիք, այս պահին շարունակվում է տվյալների ճշտման և հերթական խմբի փոխանակման ուղղությամբ աշխատանքը՝ Կառավարության նիստին հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Բանակցություններ են ընթանում Ադրբեջանի հետ, որին ակտիվ մասնակցում են նաև ռուսական կողմն ու Կարմիր խաչը: Ավինյանը անդրադարձավ է նաև Խծաբերդի խնդրին:

Տիգրան Ավինյան - Հաջորդ խնդիրը վերաբերում է Խծաբերդում տեղի ունեցած միջադեպին և այն անձանց, որոնք ամենայն հավանականությամբ գերեվարված են: Տվյալներն այս պահին ճշտվում են: Օնիկ Գասպարյանը Արցախում է՝ տեղում լուծումները հասկանալու և քննարկումներ իրականացնելու: Այս հարցով էլ բանակցություններ են գնում: Մոտակա ժամանակներս ակնկալում ենք հանգուցալուծում:

Օրեր առաջ շրջափակման մեջ հայտնված, այնուհետև ապաշրջափակված Հին Շենի հետ կապված խնդիրն ամբողջությամբ լուծված չէ՝ ասում է Ավինյանը, բայց այս պահին առկա է միջդիրքային հաղորդակցությունը: Փոխվարչապետի խոսքով՝ այդ հատվածում այժմ տեղակայված են ռուսական խաղաղապահները: Այս հարցում ևս Ավինյանն ակնկալում է, որ առաջիկայում կտրվի վերջնական լուծում:

Հարցը չզեկուցվող է, բայց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարզաբանում է խնդրում արդարադատության նախարարից: Առաջարկվում է փոփոխություն կատարել անհետ բացակայելու կանոնակարգում:

Ռուստամ Բադասյան (ՀՀ արդարադատության նախարար) - Մասնավորապես, եթե ռազմական գործողությունների հետևանքով է կասկածվում, որ անձն անհետ բացակայում է, ժամկետը 3 ամիս է, նաև մահացած ճանաչելու հետ կապված՝ կրկին ռազմական գործողությունների հետ կապված կրճատվում է 1 տարի ժամկետով: Տարածվում է 27-ից ծագած հարաբերությունների նկատմամբ: Փոփոխությունը կապված է հիմնականում ինչ-որ հիմադրամներից աջակցություն ստանալու համար, երբ անհետ բացակայում է անձը: Դիմեն հիմնադրամներ:

Գործադիրի հաստատմանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց կարճաժամկետ մի քանի նախագիծ: Ըստ առաջարկվող ծրագրի՝ Արցախի քաղաքացիները Հայաստանում կանցնեն վճարվող աշխատանքային փորձ՝ 100 հազար դրամ վարձատրությամբ: Աջակցություն կստանա նաև գործատուն՝ 34 հազար դրամ:

Տեղահանված արցախցիներին ժամանակավոր աշխատանք կտրամադրվի նաև համայնքներում: Ծրագիրը 3 ամսով է:

Առաքելյանն առաջարկում է նաև աջակցել պատերազմի հետանքով վիրավորված այն քաղաքացիներին, որոնք դեռևս չունեն հաշմանդամության խումբ, բայց վիրավորումից ակնհայտ է, որ այդ խմբի շահառու են:

Մեսրոպ Առաքելյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Մինչև հաշմանդամության խումբ ստանալը նրանք հնարավորություն են ունենում հիմնադրամի կողմից ստանալ աջակցություն՝ 6 ամիս ժամկետով, ինչպես նաև օրենքով սահմանված հատուցումներ:

Սոցիալական ևս մեկ ծրագիր ներկայացվեց, որով աջակցություն կստանան արցախցիներին ապաստան տված քաղաքացիները: Հայաստանում յուրաքանչյուր չափահաս արցախցու համար հյուրընկալը կստանա 30 հազար դրամ, իսկ Արցախում ապաստան տալու համար՝ 45 հազար դրամ: Արդյոք աջակցության ծրագրերի վերաբերյալ իրազեկումը պատշա՞ճ է իրականացվում՝ հարցնում է Ավինյանը: Սոցապ նախարարը թվերով է պատասխանում:

Մեսրոպ Առաքելյան - Այս պահին ընթացքի մեջ է երկու միջոցառում: Մասնակիցների մի խումբն արդեն հաստատված է:

Սոցապ նախարարի առաջարկած բոլոր նախագծերը գործադիրը ընդունեց միաձայն:

Կառավարության որոշմամբ՝ Արամ Խաչատրյանն էլ նշանակվեց Լոռու մարզպետ:

Հեղինակ`Մուշեղ Իսախանյան, 1Lurer.am