«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Քարվաճառի չօգտագործած շենքերը

12/12/2020

Արցախի Շահումյանի շրջանի մշակույթի կենտրոնի շենքը 2017 թվականից հիմնանորոգվում էր ԱՄՆ-ում գործող «Արարատ» հիմնադրամի կողմից: Շենքի հիմնանորոգման աշխատանքների մեծ մասն ավարտին էր հասցված, մասնավորապես, ավարտվել էին դահլիճի վերանորոգման աշխատանքները: Շենքի տանիքի թիթեղն ամբողջությամբ փոխելը, դահլիճի առաստաղը, պատերը, նստարանները վերանորոգելը, լուսային համակարգն ու վարագույրի ղեկավարման համակարգը փոխելն ընդհանուր
առմամբ «Արարատ» հիմնադրամին 80.000 ամերիկյան դոլար էր արժեցել:
Առաջիկայում շահագործման կհանձնվի Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության  պալատի դահլիճը | Artsakhpress.am | Արցախի անկախ լրատվական ...

Ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի, ԱՀ և ՌԴ նախագահների եռակողմ հայտարարության` ադրբեջանական կողմին է հանձնվել նաև Շահումյանի շրջանի մեծ մասը` Քարվաճառ շրջկենտրոնով:

Հիմնադրամի խորհրդի նախագահ Լաուրա Մելիքյանն ասում է. Շահումյանի շրջանի տեղական ղեկավարությունից իրենց հետ չեն կապվել, ինքը տեղյակ չէ` արդյո՞ք տարհանել են կենտրոնի գույքը, և եթե տարհանել են` ապա ուր է այն:

Մշակույթի և երիտասարդության կենտրոնի տնօրեն Մարինե Սողոմոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ շենքը թալանվել է, և ինքը չգիտի, թե ով և ուր է տարել առկա գույքը: «Տարհանման օրերին ինքս չեմ կարողացել Քարվաճառ գնալ, տղաներս նոյեմբերի 13-ին գնացել են շենք, այն ամբողջովին թալանված է եղել: Տղաս նաև տեսանկարահանել է շենքի տխուր վիճակը: Մինչև հիմա լացս գալիս է»:

Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Պետրոսյանը հաստատեց, որ շենքից որևէ բան տարհանել չեն հասցրել: «Շենքի գույքը պիտի տարհանեինք, տեղափոխեինք ապահով վայր` հետագայում օգտագործելու համար: Սակայն չհասցրինք, շենքը թալանվեց», նշեց նա: Հարցին, թե ինչո՞ւ չէր աշխատում ոստիկանությունը, Հայկ Պետրոսյանը պատասխանեց. «Ոստիկանությունն իրականում գործում էր, սակայն չէր հասցնում լինել ամեն տեղ: Շրջանի բնակչությունը թվով քիչ էր, իսկ տարածքը` մեծ: Ոստիկաններն ուղղակի չէին հասցնում ամեն տեղ լինել»:

Վերջին տարվա մեջ Քարվաճառում արված մյուս խոշոր ներդրումը «ԱՐԻ» ներդրումային հիմնադրամի կողմից էր, որի միջոցով Քարվաճառում կառուցվում էր «Սիդնեյ» բնակելի թաղամասը: 15 բնակելի տներից կազմված թաղամասի որևէ տուն դեռևս շահագործման չէր հանձնվել, չնայած շինարարական աշխատանքների մեծ մասն ավարտված էր: Տեղական ղեկավարությունն արդեն տարբեր մարդկանցից բնակելի տուն ստանալու համար բանավոր դիմումներ էր ստանում:

Ինչպես տեղեկացրեց «ԱՐԻ» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Բենիամին Պչաքճեանը, հիմնադրամը թաղամասի կառուցման համար ներդրել էր հինգ հարյուր հազար ամերիկյան դոլար: «Մոտ 300.000 դոլար ներդրում էր արվել պետության կողմից` ենթակառուցվածքների ապահովման համար»:

Հայտարարության հրապարակումից հետո, երբ պարզ է դարձել, որ Քարվաճառը ևս հանձնվել է ադրբեջանական կողմին, «ԱՐԻ» հիմնադրամից կապվել են Արցախի ղեկավարության ու տեղական ղեկավարության ներկայացուցիչների հետ` հարցնելով, թե ի՞նչ է լինելու շենքերի հետ: «Մենք անպատասխան մնացինք», փաստում է Բենիամին Պչաքճեանը: «Մենք առաջարկում էինք քանդել այդ տները, քանի որ դրանք հավաքովի տներ են, կարելի էր քանդել և մեկ այլ տեղ հավաքել: Դժբախտաբար, պատասխան չենք ստացել»:

Հայկ Պետրոսյանի խոսքով` տները դեռևս հանձնված չէին Քարվաճառ քաղաքին, և դրանք տարհանելու իրավունքն ու պատասխանատվությունը կառուցապատող ընկերությանն էր:

«Որոշ ապրանք, որը դեռևս չէր տեղադրվել տներում, ինչպես, օրինակ, սանհանգույցի կահավորանքը, շինարարները հետ են տարել», նշեց շրջվարչակազմի ղեկավարը: Իսկ շինությունների դռները, լուսամուտները, տանիքը ևս թալանվել են:

Բենիամին Պճաքչեանն ափսոսանքով փաստում է, որ տների հիմնական կմախքը մնացել է: «Շենքերի կմախքները, հիմնական մասը մնացին: Թշնամին փոքր ծախս անելով` կարող է օգտագործել այս շինությունները»: 

 «Արարատ» հիմնադրամի խորհրդի նախագահ Լաուրա Մելիքյանը կարծում է, որ Արցախի` վերը նշված հայտարարությամբ Ադրբեջանին անցած տարածքներում խոշոր ներդրումներ կատարած կազմակերպությունները պետք է միավորվեն ու միջազգային դատարաններում Ադրբեջանից փոխհատուցում պահանջեն: «Այդ գումարներով մենք կարող ենք տարբեր ծրագրեր իրականացնել մեր հայրենիքի այլ հատվածներում»:

Բենիամին Պճաքչեանը կարծում է` փոխհատուցման հարցերով պետք է զբաղվի պետությունը: «Չնայած, իրականում բաներ կան, որ հնարավոր չէ հատուցել: Հայրենիքի փոխարեն ի՞նչ հատուցում կարող ենք պահանջել»:

Թամարա Գրիգորյան
 

     hetq.am