Հնդկաստանը պատրաստ է ավելացնել ՌԴ-ից նավթի մատակարարումները եւ ընդլայնել ազգային արժույթով փոխադարձ հաշվարկները
Հնդկաստանը պատրաստ է ավելացնել Ռուսաստանից նավթի մատակարարումները եւ ընդլայնել ազգային արժույթով փոխադարձ հաշվարկները։ Այս մասին հայտարարել է Նյու Դելիում Ռուսաստանի դեսպան Դենիս Ալիպովը, հաղորդում է «Интерфакс»-ը։
«Ինչ վերաբերում է ածխաջրածինների մատակարարմանը, կարծում եմ, որ մատակարարումը եւ մեր համագործակցությունն այս ոլորտում կարող է մեծանալ։ Հնդիկներին դա հետաքրքրում է»,- ասել է նա «Россия-24»-ի եթերում։
Ալիպովը նշել է, որ Ռուսաստանը հումք է առաջարկում զգալի զեղչով, իսկ Հնդկաստանի համար այժմ ձեռնտու է ածխաջրածիններ գնելը։
«Հնդիկները հաստատ բաց չեն թողնի այս հնարավորությունը»,- ասել է ՌԴ դեսպանը։
Նա նաեւ նշել է, որ լայնածավալ պատժամիջոցները չեն ազդել երկու երկրների համագործակցության վրա։
Մոսկվան եւ Դելին մտադիր են նաեւ ընդլայնել հաշվարկային մեխանիզմի կիրառումը ազգային արժույթներով, ասել է Ալիպովը։