«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մարդկության պատմության ամենամեծ գյուտերից մեկը՝ լուցկի․ «Փաստ»

17/04/2021

«Փաստ» օրաթերթը գրում է
Հնում, երբ մարդիկ սովորել են շփման միջոցով կրակ ստանալ, դա էապես փոխել է նրանց կյանքը: Այնուամենայնիվ, դա շատ երկար և աշխատատար գործընթաց է եղել, և մարդիկ միշտ էլ փորձել են այն պարզեցնել, ինչի արդյունքում հորինվել են կրակ ստանալու բազմաթիվ եղանակներ: Այս հարցում իրական առաջընթաց է հանդիսացել լուցկու գյուտը: Առաջին լուցկիները հայտնագործվել են միջնադարյան Չինաստանում: Դրանք եղել են մաքուր ծծումբով հագեցած ծայրերով բարակ փայտի տաշեղներ, որոնք վառվել են ոչ թե շփման եղանակով, այլ թույլ վառվող աբեթին կպցնելով, և ունեցել են աբեթի և հրահանի միջոցով կրակը բորբոքելու գործընթացը հեշտացնելու նպատակ: Այդ «նախալուցկիները» հիշատակվում են 13-14-րդ դարերի չինական բնագրերում։ 15-րդ դարում այդ նորույթը հասել է Եվրոպա, բայց տարածում չի գտել։
Նմանատիպ ծծմբային ձողիկներ Եվրոպայում սկսել են օգտագործել միայն 17-18-րդ դարերում, մինչև այն պահը, քանի դեռ քիմիայի զարգացումը թույլ չի տվել դրանք կատարելագործել։ Առաջին լուցկիները 1805 թվականին պատրաստել է ֆրանսիացի քիմիկոս Ժան Շանսելը: Դրանք փայտե լուցկիներ էին, որոնք վառվում էին ծծմբի, բերթոլեյան աղի և ծծմբային սնդիկի խառնուրդից պատրաստված գլխիկը խտացրած ծծմբական թթվի հետ շփելիս։ 1813 թվականին Վիեննայում գրանցվել է Ավստրո-Հունգարիայի լուցկու առաջին՝ Մալիարդա և Վիկա մանուֆակտուրան, որն արտադրել է այդ քիմիական լուցկիները։ 1816 թվականին ֆրանսիացի գիտնական Դերսոնը առաջարկել է ֆոսֆոր օգտագործել կրակ ստանալու համար: 17 տարի անց գերմանացի գյուտարար Յոհան Կամերերը վերցրել է այդ գաղափարը և, սպիտակ ֆոսֆոր օգտագործելով, ստեղծել աշխարհում առաջին նման լուցկին:
Նշենք, որ այդ նյութը, չնայած խիստ դյուրավառ է, այնուամենայնիվ, նաև շատ թունավոր է: Կամերերին անգամ հաջողվել է սկսել լուցկու արտադրություն: Լուցկին շատ արագորեն է տարածվել, ուստի շուտով հայտնվել են շատ այլ արտադրողներ: Այնուամենայնիվ, երկու տարի անց լուցկու արտադրությունն ընկել է արգելքի տակ` նրանց բարձր հրդեհավտանգության պատճառով: 19-րդ դարի 40-ական թվականներին ավստրիացի քիմիկոս Շրետերը հայտնաբերել է կարմիր կամ ամորֆ ֆոսֆորը: Ութ տարի անց այդ գյուտը օգտագործել է գերմանացի Բերգերը: Նա պատրաստել է լուցկի, որի գլխիկը վառվում է կարմիր ամորֆ ֆոսֆոր պարունակող մակերեսի հետ շփման արդյունքում: Ընդ որում, լուցկու գլխիկը ֆոսֆոր չի պարունակում: Նոր լուցկին ստացվել է լիովին անվտանգ, ուստի շուտով դրանց արտադրությունը թույլատրվել է եվրոպական բոլոր երկրներում: Որոշ ժամանակ անց՝ 1837 թվականից, լուցկի է արտադրվել նաև Ռուսաստանում: Բարձր պահանջարկի պատճառով լուցկի արտադրող գործարանների թիվը արագորեն աճել է: Լուցկին կազմված է գլխիկից և ձողից։
Գլխիկն իրենից ներկայացնում է սոսնձով շաղախված փոշենման կախույթահեղուկային նյութ։ Փոշենման նյութերն են օքսիդիչները՝ բերթոլեյան աղը և կալիումի երկքրոմաթթվական աղը: Ռուսական, իսկ ավելի վաղ՝ խորհրդային լուցկիների ձողիկը առավել հաճախ եղել է կաղամախու փայտից։ Այն փտումից զերծ պահելու համար թաթախում են օրթոֆոսֆորական թթվի լուծույթի մեջ։ Լուցկու տուփի քսուքը, որին լուցկին քսում են վառելիս, նույնպես սոսնձով շաղախված փոշենման նյութ է, սակայն վերջինիս բաղադրությունը մի փոքր այլ է։ Նրա կազմի մեջ մտնում են ծծմբի սուլֆիդը և կարմիր ֆոսֆորը: