«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հզոր ապտակ Բաքվին ու Անկարային․ Հայաստանը պետք է պատրաստ լինի Ֆրանսիայից հետո ճանաչել Արցախի անկախությունը

26/11/2020

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Կայծ Մինասյանը (Ֆրանսիա, Փարիզ):

– Ֆրանսիայի Սենատն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծըԻ՞նչ սպասենք Ֆրանսիայի կառավարությունից, նախագահ Մակրոնից:

– Նախ և առաջ շեշտը պետք է դնել բուն քվեարկության վրա: Գրեթե ամբողջ Ծերակույտը «այո» քվեարկեց: Սա կարևոր է և ցույց է տալիս, որ խորհրդարանի Մեծ պալատը զորավոր ձայնով «այո» ասաց: Երկրորդ՝ պետք է հասկանալ, որ սա օրենք չէ, այլ խորհրդարանի որոշում: Այն օրենքի ուժ չունի: Բայց այս քվեարկությունը Ֆրանսիայի կառավարությանը կքաջալերի, որ այն իր չեզոքությունից վերջապես դուրս գա և ուղղություն ցույց տա նաև Միացյալ Նահանգներին: Եվ վերջապես այն հզոր ապտակ է Բաքվին ու Անկարային և այս պայմաններում մի քիչ հույս է տալիս հայերին:

– Ո՞րը պետք է լինի Հայաստանի անելիքը:

– Հայաստանի կառավարությունը պետք է մշակի Արցախի ճանաչման նախագիծ ու այն ներկայացնի Ազգային ժողովին: Այնուհետև պետք է սպասի Ֆրանսիայի Ազգային ժողովի նույն որոշմանը, որը որդեգրեց Ծերակույտը: Դրանից հետո Հայաստանը ևս պետք է պատրաստ լինի ճանաչել Արցախի անկախությունը:

– Արդյոք սա դեմա՞րշ էր Մոսկվայի միջնորդությամբ նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրին:

– Այո՛, անուղղակի ձևով այս որոշումն ուղղված է թե՛ Թուրքիային և թե՛ Ռուսաստանին: Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները վրդովմունքով ընդունեցին նոյեմբերի 9-ի հրադադարի որոշումը: