«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Աշխատանքային քննարկումների ժամանակ մենք Ադրբեջանից «միջանցք» բառ չենք լսել. Փաշինյան

23/11/2021

ՀՀ վարչապետ ՆիկոլՓաշինյանի խոսքով՝ Ադրբեջանն ակնհայտորեն Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ է ցուցաբերում։ Այս մասին նա այսօր ասաց ասուլիսի ժամանակ

Վարչապետը նշեց. «Ի՞նչ է նշանակում Զանգեզուրի միջանցք, ի՞նչ է նշանակում Արևելյան Զանգեզուր։ Այդ ովքե՞ր են այդ տերմինները հորինում, և ի՞նչ է դա նշանակում, ի՞նչ է նշանակում «միջանցքային» տրամաբանություն։ Մենք նախկինում հայտարարել ենք, հիմա էլ հայտարարում ենք, որ «միջանցքային» տրամաբանության հարց չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու, ինչը չի նշանակում, թե որևէ կերպ մենք հրաժարվում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգից։

Ես չեմ կարող թաքցնել և ուղիղ պետք է ասեմ, որ, ընդհակառակը՝ Հայաստանն է գուցե ավելի շահագրգիռ, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն։ «Միջանցքային» տրամաբանությունը, իմ կարծիքով, Ադրբեջանը զարգացնում է հենց տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման օրակարգից հանելու համար։ Բայց մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Ադրբեջանին չհաջողվի տարածաշրջանային կոմունիկացիաների թեման հանել օրակարգից»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ այն ինչ անում է Ադրբեջանը, հարձակում է նրա և նրան քաջալերող երկրների կողմից ՀՀ ինքնիշխանության, պետականության, անկախության ու նաև ժողովրդավարության վրա։

«Այս հարցը պատրաստվում ենք հետապնդել միջազգային բոլոր հնարավոր հարթակներում»,- ասաց Փաշինյանը։

Հարցին՝ կա՞ արդյոք պատերազմի վտանգ, վարչապետը պատասխանեց․ «Կա Ադրբեջանի ագրեսիվ պահվածք, որը պետք է զսպվի, այդ թվում՝ միջազգային լծակներով։ Միաժամանակ, ուզում եմ ասել, որ չենք խուսափում ու չենք խուսափելու Ադրբեջանի հետ ուղիղ շփումներից։ Պաշտպանության նախարարին հանձնարարել եմ, որ ակտիվորեն այդ կոմունիկացիան օգտագործի, Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հրադադարի խախտման դեպքերի մասին տեղեկատվություն փոխանակի Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ՝ առաջարկելով, որ նույնն անի նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարը, որպեսզի մենք տեսնենք՝ ով ինչպես է արձագանքում: Սրանից ավելի ակնհայտ կդառնա, թե ով է ավելի շահագրգիռ սադրանքների մեջ»։