«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հունաստանը Թուրքիային մեղադրել է Էգեյան ծովում լարվածություն հրահրելու մեջ

05/05/2022

Հունաստանը Թուրքիային մեղադրել է Էգեյան ծովում լարվածություն հրահրելու մեջ՝ կապված իր օդային տարածքի խախտման հետ, հայտնում է Kathimerini-ն։

«Թվերն ինքնին խոսուն են»,- ճեպազրույցում ասել է ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդրոս Պապաիոաննուն՝ հավելելով, որ Հունաստանը ապրիլի 27-ին մեկ օրում գրանցել է օդային տարածքի 168 խախտում եւ 42 անօրինական թռիչք։

Պապաիոաննուն Թուրքիայի սադրանքներն անվանել է «աննախադեպ»՝ հավելելով, որ ռազմական ինքնաթիռները թռել են նաեւ Էգեյան ծովի արեւելյան հատվածի հունական բնակեցված կղզիների, այդ թվում՝ Հռոդոսի, Կոսի եւ Կալիմնոսի վրայով:

Նրա խոսքով՝ անցած չորեքշաբթի թռիչքները գերազանցել են 2020 թվականին գրանցված նախորդ ռեկորդը, որը 23 է եղել։

«Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի համար այս կրիտիկական եւ դժվարին պահին Թուրքիայի վարքագիծը խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները եւ նաեւ խաթարում ՆԱՏՕ-ի համախմբվածությունը»,- ասել է Պապաիոաննուն՝ հավելելով, որ կրկնվող ներխուժումները հակասում են բարիդրացիական հարաբերությունների ոգուն։

Նա նշել է, որ Աթենքը տեղեկացրել է ՄԱԿ-ին, ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին «հունական ինքնիշխանության խախտման» մասին։ Նա ասել է, որ վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն այդ հարցը կբարձրացնի մայիսի 16-17-ը ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ։