«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


400-ից ավելի ուսանող պատրաստ է ուսումը համատեղել դեռևս չվճարվող՝ փորձ կուտակող աշխատանքի հետ

17/03/2021

Գինեգործության ոլորտի աշխատաշուկայում մրցունակ մասնագետներ պատրաստելու նախապայմանները ստեղծված են: Խաղողի մթերումից մինչև գինու շշալցում. հայկական կարմիր անապակ այս գինին Վայոց ձորի տարածաշրջանային քոլեջի ուսանողներն են պատրաստել՝ փոքրիկ արտադրամաս-լսարանում՝ դուալ կրթական ծրագրի շրջանակում: Դուալ համակարգը ներառում է կրթություն ու դրան զուգահեռ տեսական գիտելիքները գործնականում կիրառելու և նոր հմտություններ ձեռք բերելու համար ապագա աշխատավայրերի այցելություն:

Արգամ Դովլաթյան (Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն) - Դուալ կրթության շրջանակներում շրջանավարտները ավելի հեշտությամբ են աշխատանքի ընդունվում, քանի որ գործնական աշխատանքները իրականացվում են գործատուների մոտ, և գործատուն արդեն իր ուզած ուղղությամբ է տանում կրթությունը:

Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենը նշում է՝ արդեն ունեն հաջող փորձ, երբ դուալ կրթական համակարգով անցած իրենց ուսանողներին գինեգործական արտադրական ընկերություններն աշխատանքի են ընդունել: Հայաստանում նախնական և միջին մասնագիտական մի շարք ուսումնական հաստատություններում դուալ համակարգի ներդրման մեկնարկը տրվել է 2017 թվականին՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ:

Արմենուհի Պողոսյան (ՀՀ ԿԳՄՍՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ) - Դուալ ուսուցումը իրականացվում է այս պահին տնտեսության համար գերակա ոլորտներում, դրանք են՝ գյուղատնտեսությունը, գինեգործությունը, ՏՏ ոլորտը, ինչպես նաև տուրիզմը:

Նախատեսվում են օրենսդրական կարգավորումներ, որ ուսանողների արտադրածը, օրինակ՝ գինիները, անցնեն նաև բրենդավորում, ու թույլատրվի դրանց իրացումը:

Արմենուհի Պողոսյան - Այս պահին զուգահեռ իրականացնում ենք նաև աշխատանքի վրա հիմնված ուսուցման ծրագիր Եվրոպական կրթական հիմնադրամի հետ, որի աջակցությամբ մշակվել է երկու հայեցակարգ՝ ուսումնական պրակտիկայի բարելավումը, ինչպես նաև ուսումնական հաստատության ներսում ձեռնարկության ստեղծումը:

Ըստ պաշտոնյայի՝ 45-ից ավելի մասնավոր ընկերություն գործակցում է 11 ուսումնական հաստատության հետ: Ավելի քան 400 ուսանող պատրաստ է ուսումը համատեղել դեռևս չվճարվող՝ փորձ կուտակող աշխատանքի հետ:

Հեղինակ`Նարե Ոսկանյան