«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Իշխանությունը բաց է քաղաքական ուժերի հետ քննարկումների համար

05/03/2021

«Բարգավաճ Հայաստանը» դեռևս չի քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների անցկացման օրակարգով հանդիպելու առաջարկը: Պատգամավորների խոսքով՝ քաղաքական խորհրդի նիստ կանցկացնեն և որոշում կկայացնեն:

Խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ վարչապետ Փաշինյանը խոսեց մարտի 1-ի հանրահավաքին, ապա մարտի 3-ին ազգային ժողովում խորհրդարանական երկու ուժերի ղեկավարներին հրավիրեց քննարկել ընտրություններ անցկացնելու հարցը:

Նախորդ տարեվերջին նույն օրակարգով Փաշինյանի նախաձեռնած հանդիպումը Գագիկ Ծառուկյանի և Էդմոն Մարուքյանի հետ արդյունք չունեցավ: Ընդդիմադիր ուժերի ղեկավարները մերժեցին հուշագիր ստորագրելու պայմանով ընտրության գնալու վարչապետի առաջարկը: «Բարգավաճ Հայաստանը» արդեն երրորդ օրն է՝ փակագծեր չի բացում՝ պատրաստվո՞ւմ են հանդիպել Փաշինյանին, թե՞ շարունակում են սատարել վարչապետի իրենց թեկնածու Վազգեն Մանուկյանին:

Երեկ այս հարցով վարչապետը հանդիպել է խորհրդարանական ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։ Թեև ընտրություններ անցկացնելու շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել, այդուհանդերձ, Մարուքյանը պնդում է՝ բանակցությունների հետագա ընթացքը կախված է նաև մյուս քաղաքական ուժի դիրքորոշումից:

Իշխանությունից հայտարարում են՝ պատրաստ են գնալ արտահերթ ընտրությունների, սակայն կարևորում են նաև, որ լինի կոնսենսուսային որոշում: 

«Իմ քայլի» պատգամավորները տեղյակ չեն, թե երբ կհանդիպեն վարչապետ Փաշինյանը և Գագիկ Ծառուկյանը: Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանի հետ հանդիպմանը՝ իշխանական պատգամավորների գնահատմամբ՝ բնական է, որ մի հանդիպմամբ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

Արտահերթ ընտրություն անցկացնելու հարցը օրակարգում հայտնվեց Զինված ուժերի Գլխավոր շտաբի տարածած հայտնի հայտարարությունից հետո:

Հեղինակ`Շողիկ Գալստյան