«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գնել Սանոսյանն աշխատանքային այց է կատարել Սարուխան, Կարմիրգյուղ և Նորատուս համայնքներ

17/03/2021

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Սարուխան, Կարմիրգյուղ և Նորատուս համայնքներում: Համայնքապետարանների շենքերում մարզպետը հանդիպումներ է ունեցել համայնքների ղեկավարների, ավագանիների, մարզային և համայնքային ենթակայության կրթամշակութային և առողջապահական հաստատությունների տնօրենների և համայնքի ակտիվի հետ։
 

«Հանդիպման մասնակիցներին տեղեկացրի, որ Գեղարքունիքի մարզպետարանի և «Թումո» կենտրոնի համագործակցության և պայմանավորվածության արդյունքում իրենց համայնքներում առաջիկայում կտեղադրվեն «Թումո տուփեր», որոնք հնարավորություն կտան տվյալ համայնքների, ցանկության դեպքում նաև հարևան համայնքների դպրոցականներին օգտվել տուփի ծառայություններից և ձեռք բերել նոր գիտելիքներ:
 

Առաջարկեցի համայնքների ավագանիների և ակտիվի հետ կազմակերպել քննարկումներ, ընտրել տուփի գործարկման համար պահանջվող չափանիշներին համապատասխան վայր ներկայացնել մարզպետարան:
 

Այնուհետև խոսեցի այս տարի տվյալ համայնքներում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի մասին և առաջարկեցի ակտիվ գործունեությամբ բարձրացնել ավագանու ինստիտուտի դերը համայնքներում:

Նման բաց քննարկումները միտված են նաև համայնքային առավել հրատապ խնդիրների վերհանմանը և դրանց արդյունավետ լուծում գտնելուն: Առաջարկեցի ակտիվ փոխգործակցություն ապահովել համայնքապետարանների, հանրակրթական դպրոցների և համայնքային ենթակայության կառույցների միջև, ինչից կշահեն մեր համայնքների բնակիչները:
 

Հետպատերազմյան իրավիճակում ամեն մեկը փորձի իր ոլորտում ակտիվ գործունեություն ծավալել, բարձրացնել մտահոգող խնդիրները և ներկայացնել համապատասխան կառույցներին։ Լինեն նախաձեռնող և նպատակասլաց, որպեսզի բոլորս միասին աջակցենք մեր երկրի շենացմանն ու հզորացմանը: Կանգնեն զոհված, անհայտ կորած և վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքների կողքին, լսեն նրանց խնդիրները, որպեսզի փորձենք համատեղ աջակցել նրանց։
 

Սարուխանի համայնքի ղեկավարը բարձրացրեց համայնքի ջրամատակարարման վիճակի բարելավման հարցը, թիվ 1, 2 և 3 միջնակարգ դպրոցների տնօրենները ներկայացրին դպրոցական շենքի տանիքի վերանորոգման, դպրոցական ճաշարանի և սանհանգույցների կառուցման խնդիրները: Խոստացա իմ աջակցությունը՝ նշված խնդիրներին լուծում տալու համար:

 

Կարմիրգյուղում կայացած հանդիպման ընթացքում շոշափվեց Գավառագետի՝ Կարմիրգյուղով անցնող որոշակի հատվածի մաքրման անհրաժեշտության խնդիրը, մտքեր փոխանակվեցին համայնքային ենթակայության մշակութային հաստատությունների աշխատակիցներին սոցիալական փաթեթի շահառուների ցանկում ընդգրկելու, համայնքում հյուրատներ ստեղծելու գաղափարի շուրջ:
 

Խոստացա աջակցել նաև Նորատուսի թիվ 1, 2 և 3 միջնակարգ դպրոցների տնօրենների բարձրացրած հարցերին, որոնք վերաբերում էին դպրոցական շենքի կենտրոնական ջեռուցման ապահովմանը, խորքային հորի և սանհանգույցների կառուցմանը, դպրոցի բակի ասֆալտապատմանը»,- հայտնել է մարզպետը: