«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կառավարությունը՝ ընդդեմ բուհերի խորհուրդների, մայր բուհը՝ ընդդեմ կառավարության

07/05/2021

«Բոլոր բուհերը պետք է անցնեն 100% ինքնակառավարման։  Բուհական ամբողջ ղեկավարությունը՝ ռեկտորից սկսած, պետք է ընտրվեն բուհի  ուսանողների և դասախոսական կազմի համընդհանուր քվեարկությամբ»,- այս խոսքերը Նիկոլ Փաշինյանն ասել է 2018-ին, երբ դեռ առաջնորդում էր հեղափոխական շարժումը: 2021-ի մայիսի 4-ին, կառավարությունը, Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, որոշում է ընդունում  պետական բուհերի կանոնադրությունում կառավարման խորհուրդների փոփոխությունների վերաբերյալ:

Ինչպես գրում է armradio.am-ը՝ սա ենթադրում է հոգաբարձուների խորհրդում պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի համամասնության նվազեցում: Կառավարության որոշումը Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը համարում է հակասահմանադրական, և արդեն քայլեր են ձեռնարկում դրա իրավաչափությունը Վարչական դատարանում վիճարկելու ուղղությամբ.

ԵՊՀ գիտական խորհրդի անդամ, արհմիության նախագահ Արմեն Ավետիսյանը համոզված է, որ կառավարությունը խախտում է Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ կետը՝ բուհական ինքնավարության մասին.

«Կառավարության որոշումը տեղադրված էր e-draft-ում, որտեղ հանրային քննարկման ժամկետ էր նշված մայիսի 14-ը, այնինչ, կառավարությունը 10 օր շուտ ընդունեց որոշում՝ խախտելով նաև ընթացակարգը, ոտնահարելով ԵՊՀ իրավունքները։ Այս որոշմամբ ավելի է նվազել մեր ներգրավվածությունը: Համալսարանի խորհրդում  դասախոսների և ուսանողների արդեն նվազած 50%-ը դարձավ 35 %։

«Նպատակ են դրել Համալսարանը դարձնել իրենց շահերի տիրույթ, քաղաքական գործիքներից մեկը»,-ասում է Արմեն Ավետիսյանը։

Արմեն Ավետիսյանի խոսքով՝ բարձրագույն կրթության նոր օրենքում ևս հակասահմանադրական դրույթներ կան: Դրանք վերաբերում են ոչ միայն բուհերի ինքնավարությանը: Զրուցակիցս մարդու աշխատանքային իրավունքի խախտում է համարում բուհում պաշտոն զբաղեցնող աշխատակցի տարիքային սահմանափակումը.  65-ից բարձր տարիք ունեցողը չի կարող աշխատել բուհում, այնինչ, այս տարիքի պրոֆեսիոնալները Պետհամալսարանում այսօր քիչ չեն:

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի առանձին դրույթներ սահմանադրական տեսանկյունից խնդրահարույց համարեց նաև նախագահ Արմեն Սարգսյանը, որը չստորագրեց օրենքը և դիմեց Սահմանադրական դատարան: Օրենքի հակասահմանադրական դրույթները դեռ դեկտեմբերին արձանագևրել էր նաև ՄԻՊ-ը: Երեկ նա արձագանքել էր կառավարության որոշմանը.

«Կարծում եմ՝ սա անարգանք է երկու սահմանադրական ինստիտուտների՝ նախագահի և Սահմանադրական դատարանի հանդեպ, ավելին, նախագահը դիմել է Սահմանադրական դատարան՝ բարձր ուժ ունեցող կառույցի, բայց, փաստացի, կարգավորվեց խնդիրը ավելի ցածր ուժ ունեցող ակտով»,-ասում է Արման Թաթոյանը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը պարզաբանում է կառավարության որոշումը, բացատրում ՝ ինչո՞վ է խորհրդի կազմում համամասնության փոփոխությունը.

«Գտնում ենք, որ նախկին համամասնությամբ խորհուրդները դժվար էին գործում և դառնում էին առանձին խմբերի ու շահերի ներկայացման ու իրենց խնդիրների լուծման հարթակներ։ Հիմա հիմնադիրը մեծամասնություն է կազմում, և հույս ունենք, որ խորհուրդները ավելի արդյունավետ կաշխատեն»,-ասում է Լուսինե Գրիգորյանը։

ԵՊՀ գիտխորհուրդը հայտարարել էր, որ կառավարությունը որոշումն ընդունել է  իրավական և էթիկայի նորմերի կոպիտ խախտումներով՝ գաղտնի, առանց նիստ հրավիրելու, գրավոր ընթացակարգով: Որոշման նախագիծը չի քննարկվել բուհերում, ավելին՝ որևէ բուհ չի տեղեկացվել իր կանոնադրությունում սպասվող փոփոխությունների մասին:

Լուսինե Գրիգորյանն ասում է՝ նախագիծը գաղտնի չէ ընդունվել, բուհերը տեղեկացված են եղել, իսկ կառավարությունը որոշումն ընդունել է՝ ելնելով խնդրի կարևորությունից և  հրատապությունից.

«Այս որոշումը վերաբերում է միայն հոգաբարձուների խորհրդի ձևավորմանը, որտեղ իր մասնակցությունն է ունենում կառավարությունը՝ որպես հիմնադիր, մնացած առումներով սահմանափակումներ չկան»,-ասում է Լուսինե Գրիգորյանը։

Այս պատճառաբանությունը նախկինում ևս հնչել է: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դա անհիմն է համարում.

«Կառավարության հրապարակային պատճառաբանությունը՝ թե խնդիր է առաջացել, պետք է կարգավորենք: Ես կարծում եմ՝ կառավարությունը արհեստականորեն է առաջացրել այս խնդիրը, հիմա էլ լուծում է բուհերի ինքնավարության հաշվին, սա անթույլատրելի է»,-ասում է ՄԻՊ-ը։

Մայր բուհի գիտխորհուրդը, հաշվի առնելով խնդրի կարևորությունը և դրան հրատապ լուծում տալու անհրաժեշտությունը, որոշել է դիմել Մարդու իրավունքների պաշտպանին՝ ՍԴ-ում կառավարության որոշման սահմանադրականությունը վիճարկելու խնդրանքով։