«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գերմանիայում Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը կվերընտրվի նախագահի պաշտոնում

13/02/2022

Գերմանիայի հատուկ սահմանադրական մարմինը՝ Դաշնային ժողովը, կիրակի կանցկացնի նիստ, որի ընթացքում գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը կվերընտրվի երկրորդ ժամկետով: Նա կարող է հավաքել պատվիրակների ձայների ճնշող մեծամասնությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Դաշնային ժողովն անցկացնում է նիստ, որպես կանոն, հինգ տարին մեկ անգամ միայն երկրի նախագահին ընտրելու համար: Այդ սահմանադրական մարմինը բաղկացած է Բունդեսթագի պատգամավորներից եւ դաշնային հողերի խորհրդարանների ներկայացուցիչներից: Այս անգամ նիստի մասնակից կլինի 1472 օրենսդիր:

Ավելի վաղ Շթայնմայերի թեկնածությունն արդեն սատարել են խոշորագույն քաղաքական ուժերը՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Քրիստոնեա-դեմոկրատական եւ Քրիստոնեա-սոցիալական միությունները, «կանաչները» Ազատ դեմոկրատական կուսակցությունը: Այդկերպ, Շթայնմայերը կարող է հավաքել 1 223 ձայն անհրաժեշտ 737-ի դեպքում:

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը երկրի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Մաքս Օտեին, Ձախակողմյա կուսակցությունը՝ Հերխարդ Թրաբերտին, Ազատ ընտրողները՝ Շտեֆանի Գեբաուերին: Ինչպես նշում են տեղի դիտորդները, նրանք չունեն հաղթելու շանսեր:

Շաբաթ BILD թերթը տեղեկացրել է, որ դաշնային ժողովի պատվիրակների շրջանում կլինի նաեւ նախկին կանցլեր Անգելա Մերկելը, որը դեկտեմբերին հեռացել էր կառավարության ղեկավարի պաշտոնից ու քաղաքականությունից:

Շթայնմայերը սոցիալ-դեմոկրատ է, որը երկու անգամ զբաղեցրել է ԱԳ նախարարի պաշտոնը 2005-2009 եւ 2013-2017 թվականներին: Պետության ղեկավարի պաշտոնում նա փոխարինել է Յոահիմ Գաուկին 2017 թվականին: Նախագահության ժամանակ Շթայնմայերը լքել է իր կուսակցության շարքերը՝ համաձայն Գերմանիայում գործող քաղաքական ավանդույթի: