«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Սպասվում է Կարեն Ղազարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը. այն կարող է նախադեպային լինել

07/07/2021

Հայաստանը սպասում է Կարեն Ղազարյանի գործով Եվրադատարանի վճռին: Բաքվի դեմ դեռ անցյալ տարվա հուլիսին սկսված դատական վիճաբանության փուլն ավարտվել է:

Արա Ղազարյան (միջազգային իրավունքի մասնագետ) - Եթե նոր զարգացումներ չլինեն, սպառել ենք դատական վիճաբանությունների փուլը, հաջորդը պետք է վճիռը լինի, ավելի արագ կարող է վճիռը լինել, քան սովորական դեպքերում, քանի որ գործը դեռ ունի առաջնահերթություն:

Տավուշի Բերդավան գյուղի բնակչին ադրբեջանցի զինծառայողներն առևանգել էին 2018-ի հուլիսի 15-ին: Բաքուն նրան դատապարտել էր 20 տարվա ազատազրկման, իբր Գյանջայի շուկան պայթեցնելու փորձի մեղադրանքով: 2020-ի դեկտեմբերի 15-ի հայ ռազմագերիների խմբի հետ Ադրբեջանը Կարեն Ղազարյանին վերադարձրեց հայկական կողմին:

Արա Ղազարյան - Բավարարված չենք այն ապացույցներով, որ ներկայացրել են իշխանությունները, որ Կարենը ստացել է անհրաժեշտ բժշկական խնամք, բուժում, որ եղել է քրեական դատավարություն, և մեղադրանքից պաշտպանվելու հիմնարար իրավունքները հարգվել են: Շատ խնդրահարույց էր արգելանքի վերցվելու պահից դատարան տանելու ժամանակահատվածը: Դա տևել է վեց օր, իսկ Ադրբեջանում պետք է լիներ 40 ժամ:

Կարեն Ղազարյանի վերադարձով Ադրբեջանը, ըստ միջազգային իրավունքի մասնագետի, չի ազատվում պատասխանատվությունից: Արա Ղազարյանն ուսումնասիրել է Ադրբեջանի քրեական դատավարության օրենսգիրքը, հանդիպել կոնվենցիոն անհամապատասխանության համակարգային խնդիրների:

Արա Ղազարյան - Որևէ փաստաթուղթ չունի Կարենը, որ վերադարձել է, անձին մի երկրից վերադարձնում են մյուս երկիր, չունի փաստաթուղթ: Պարզ չէ՝ էքստրադիցիա՞ է, թե՞ չէ: Կարենին ոչ մի թուղթ չեն տվել, ասել են՝ մի կալանավայրից մյուսն են տանում, չի իմացել, որ Հայաստան է գալիս:

Հայաստան գալուց հետո արձանագրվել են կյանքին վտանգ սպառնացող առողջական խնդիրներ: Արա Ղազարյանի խոսքով՝ Կարենն այժմ տանն է, վիճակը բավարար է: Փաստաբանը նաև ընդգծում է, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ Եվրադատարանում այս գործը Ադրբեջանում ընթացող հայ գերիների դատավարական գործընթացների վրա: Նախադեպն է գուցե պատճառը, որ Ադրբեջանը հանկարծ սկսել է հայ ռազմագերիների դատական նիստերը հրապարակային ցուցադրել, ներկայացնել անձանց դեմքերը, ավելի շատ տեղեկություններ հրապարակել՝ ընդհուպ մեղադրանքի հիմքեր, մեղադրյալների ելույթներ, հարցեր վկաներին:

Արա Ղազարյան - Ադրբեջանում շատ լավ գիտեն, որ Եվրադատարանը 100 տոկոս պահանջելու է, որ ներկայացնեն այս դատական նիստերի արձանագրությունները, որովհետև միակ փաստաթուղթը, որով ապացուցվում է, որ իսկապես եղել է դատավարություն, արձանագրություններն են: Կարելի է կեղծել մեկ-երկու փաստաթուղթ, բայց հնարավոր չէ ամիսներով ընթացող դատավարության, դատական նիստերի արձանագրությունները կեղծել:

Կարեն Ղազարյանի գործով ՄԻԵԴ-ը հենց այդ պահանջն էր ներկայացրել՝ Բաքվից պահանջել ոչ միայն դատական նիստերի արձանագրությունները, այլև քրգործի ամբողջ նյութերը:

Արա Ղազարյան - Այդ հիմքն էլ դրվել Սարիբեկյանի գործում: Անկախ նրանից, որ դիվանագիտական հարաբերությունները բացակայում են, կոնվենցիայի հիմքերով քրեական դատավարության շրջանակում պարտավոր էին համագործակցել Հայաստանի իշխանության հետ: 100 տոկոս խախտվել են:

Մանվել Սարիբեկյանի գործով հայկական կողմը Նախարարների կոմիտեի հետ նամակագրական կապի մեջ է՝ վճիռը վերջնականապես կատարելու համար: ՄԻԵԴ-ն այս գործով վճիռը հրապարակեց մոտ երկու տարի առաջ: Արա Ղազարյանի խոսքով՝ եթե երկու տարում գործնական քայլեր չեն արվում, վճռի կատարման վերահսկողությունը խստացվում է: