«Ստամբուլ» ջրանցքի վրա չի տարածվի Մոնտրոյի կոնվենցիան. Էրդողան
Նախագծվող «Ստամբուլ» ջրանցքի վրա չի տարածվի նեղուցների վերաբերյալ Մոնտրյոյի կոնվենցիան: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Haberturk հեռուստաալիքի կայքը:
«Ստամբուլի ջրանցքը կապ չունի Մոնտրյոյի կոնվենցիայի հետ: Այս ջրանցքը ձեռքբերում կլինի մեզ համար, այն կօգնի լրջորեն բեռնաթափել Բոսֆորը շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից»,-հայտարարել է Էրդողանը:
Նա նաև նշել է, որ նոր ջրատարը «Թուրքիային կտա անկախություն և կամրապնդի նրա ինքնիշխանությունը»:
Ստամբուլի ջրանցքի նախագիծը Էրդողանը առաջին անգամ ներկայացրել է 2011 թվականին:
Նախատեսվում է, որ այն կդառնա Ստամբուլի արևմտյան հատվածում նոր նավարկելի զարկերակ, որը կապում է Սև և Մարմարա ծովերը: 2019 թվականի դեկտեմբերին Թուրքիայի նախագահը կրկին հայտարարել էր, որ ջրանցքով ծովային երթևեկությունը չի ենթարկվի Մոնտրյոյի կոնվենցիային: