«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պատերազմական ժամանակաշրջանի սննդամթերքի համար նոր չափաքանակներ են մշակվել

17/04/2021

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1456-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Այս նախագծով նախատեսվում է ՀՀ ԶՈՒ անձեռնմխելի պաշարներում պահպանվող սննդամթերքը պահպանել պահածոյացված վիճակում (N 2 չափաքանակ), ինչի համար մշակվել է պատերազմական ժամանակաշրջանի համար նոր չափաքանակներ, որում ձավարեղենը և մակարոնեղենը փոխարինվել են պահածոյացված պատրաստի ճաշատեսակներով, ինչը հնարավորություն կընձեռի անձնակազմին օրվա հասանելիք սննդամթերքը հատկացնել անհատական փաթեթավորմամբ իսկ տեղափոխման գործընթացը կիրականացվի ավելի արագ:

Արդյունքում, մարտական գործողությունների ընթացքում, սննդի ընդունման գործընթացի շրջանակներում հնարավոր կլինի խուսափել անհարկի կուտակումներից:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է 2020 թվականին տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում զինված ուժերի անձեռնմխելի պաշարներում պահպանվող ձավարեղենի և մակարոնեղենի խմբաքանակները դաշտային պայմաններում ճաշատեսակներ պատրաստելու անհնարինության հանգամանքից:

Զինված ուժերի անձեռնմխելի պաշարներում պահպանվող ձավարեղենով և մակարոնեղենով ճաշատեսակների պատրաստումը գործնականում դարձել է անհնարին՝ հաշվի առնելով ժամանակակից պատերազմական գործողությունների ինտենսիվությունը և բնույթը:

Միևնույն ժամանակ անձնակազմին հատկացվող սննդատեսակների բազմազանությունը ապահովելու, կալորիականությունը բարձրացնելու, ինչպես նաև հատկացվող տեսականին ավելի հագեցնելու նպատակով փոփոխություն է նախատեսվում նաև N1 (հիմնական), N3 (օդաչուական), N4 (հոսպիտալային), N5 (սաների), N6 (մարտական հերթապահության, N7 (համազորային չոր օրապահիկ), N10 և N12 (սննդամթերքի փոխարինումների) չափաքանակներում: