«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բացվել է ժամանակակից սարքավորումներով պրոթեզարան

23/04/2021

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում ապրիլի 23-ին պաշտոնապես բացվել է ժամանակակից սարքավորումներով հագեցած պրոթեզարան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  մինչև պրոթեզավորման կենտրոնի պաշտոնական բացումը կենտրոնում պրոթեզավորվել է պատերազմում վիրավորում ստացած 28 զինծառայող:

Բացման արարողությանը Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ պրոթեզարանի բացումն ամբողջացնում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը, որպես Զինվորի տուն:

«Պրոթեզավորման հատվածը կամբողջացնի վերականգնողական կենտրոնի նպատակը: Այս կենտրոնը կարող է աշխարհին ի ցույց դնի անկոտրում հայ զինվորի կամքը և հայ հասարակության միասնականությունը»,- ասաց Մուրադյանը:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի շենքը 15 տարի շարունակ կունենա անփոփոխ հասցե: Ինչպես իր խոսքում հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Բադալյանը՝ ՀՀ կառավարության որոշմամբ, Երևանի «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին հանձնված անշարժ գույքը, 15 տարի օգտագործելու իրավունքով տրվել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին

«Պրոթեզավորման կարիք ունեցող զինծառայողների պրոթեզավորումը մեր գլխավոր առաջնահերթություններից է: Պատերազմից հետո, առկա մարտահրավերներին համապատասխան, էականորեն ընդլայնվել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի դերակատարությունը: Կենտրոնի հարկի ներքո՝ նորագույն սարքավորումներով ու գործիքներով, պրոթեզավորման լաբորատորիայի բացումը կատարված աշխատանքի խոսուն ապացույցն է: Պիտի անենք առավելագույնը, որպեսզի հայրենիքի պաշտպանությունն իրականացրած մեր զինծառայողներն այստեղ ստանան համաշխարհային լավագույն կազմակերպությունների թողարկած պրոթեզները»,-ասաց Բադալյանը:

Պրոթեզարանի ստեղծումն իրականություն է դարձել նաև Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով: Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանն իր խոսքում առանձնապես շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների ու ԱՄՆ հայերին, որոնք  աջակցություն են ցուցաբերել:

«Պատերազմի ժամանակ արդեն մտորում էինք՝ թե ինչ կարող ենք անել վիրավորում ստացած և պրոթեզավորման կարիք ունեցող  զինվորների համար: Այնուհետև հանդիպեցինք Զինվորի տան հետ և որոշեցինք, որ հիմնադրամը կօգնի՝ անկախ նրանից, թե որքան գումար պահանջվի, որպեսզի մեր եղբայրները կարողանան լիարժեք ինտեգրվել հասարակությանը»,-նշեց Արշամյանը:

Միջոցառմանը, Հայրենիքի պաշտպանի կենտրոնի և պրոթեզարանի գործունեությունը կարևորել են նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Միհաելա Ստոյկոսկան և մյուս աջակիցները: Վերականգնողական կենտրոնի կողմից բոլոր աջակիցներին ու բարերարներին շնորհակալագրեր են հանձնվել: Միջոցառումը եզրափակվեց ազգային պարերի ներկայացմամբ՝ «Կարին» ավանդական երգի-պարի համույթի կողմից, որին միացան նաև վերականգնողական կենտրոնում պրոթեզավորված զինվորները: