«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵՄ-ն Հայաստանին 11 մլն եվրո կհատկացնի արդարադատության ոլորտի բարեփոխումների համար

30/11/2023

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 30-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի և Եվրահանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. II փուլ» ֆինանսավորման համաձայնագրին:

Այս համաձայնագրով ԵՄ կողմից Հայաստանին կտրամադրվի բյուջետային աջակցություն՝ 9 մլն եվրոյի չափով: Եվս 2 մլն եվրո կտրամադրվի ծրագրի լրացուցիչ աջակցության համար:

Գործողության ընդհանուր նպատակը Հայաստանում արդարադատության և հակակոռուպցիոն ոլորտների միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը նպաստելն է, որոնք կապված են բարեվարքության և հաշվետվողականության, անկախության, որակի, արդյունավետության և ինստիտուտների հասանելիության հետ՝ բնակչության համար համարժեք ծառայություններ ապահովելու համար։ Գործողությունը, մասնավորապես, միտված է՝

արդարադատության ոլորտի կառավարման մեխանիզմների (բարեվարքության ստուգում բոլորի համար, հաշվետվողականության մեխանիզմներ, անկախություն) համապատասխանեցմանը ոլորտի համար նախատեսված եվրոպական չափանիշներին, ներառյալ` դատական, դատախազության և քննչական մարմինների մասով,

քրեական արդարադատության համակարգի համապատասխանեցմանը եվրոպական չափանիշներին, այդ թվում՝ գենդերային հարցերի մասով,

հակակոռուպցիոն ինստիտուտների համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին,

բարեփոխումների վերաբերյալ շահագրգիռ կողմերի իրազեկվածության բարձրացմանը կառավարության կողմից նախատեսված բարեփոխումներին հանրային աջակցության մոբիլիզացմանը:

միջազգային լավագույն գործելակերպին համապատասխան անկախ և անաչառ արբիտրաժային կենտրոնի ստեղծմանը:

Արբիտրաժային կենտրոնի ստեղծումը, ի թիվս այլնի, միտված է բարելավելու ներդրումային միջավայրը և բարձրացնելու Հայաստանի Հանրապետության՝ որպես վեճերի լուծման հարթակի հեղինակությունը տարածաշրջանում: Միևնույն ժամանակ, այն միտված է նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը և խրախուսել ավելի արագ, ծախսարդյունավետ վեճերի լուծման մեխանիզմը, ինչպես քաղաքացիների այնպես էլ գործարարների համար: