«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինչո՞ւ մենք մեզ անցած 26 տարիների ընթացքում այդպես լկտի, հաղթողի պես չէինք պահում. Լաուրա Բաղդասարյան

15/12/2020

Լաուրա Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամեն մեկն ունի պարտության, հա, անգամ նվաստացման իր համար սահմանած շեմը։ Նույնը՝ պետությունների դեպքում։ Բայց իմ դեպքում էդ շեմը օր-օրի, ժամ-ժամի իջնում է։ Հնարավոր չէ ձեւացնել, թե ավելի «վեհ ես», քան քո հանրությունն ու երկիրը։ Պորտալարը ձգում է։ Ընկավ երկիրդ, քեզ էլ է քաշում ցած, գետնով տալիս։ (Արդեն խորշում եմ այդ սիրուն ու գործածության համար զարմանալիորեն հարմար, կարճ «զգետնել» բառից։ Միգուցե ապագա սերունդները կիրառեն, երբ այսօրվա իրադարձությունների մասին իմանան կես էջանոց դասագրքային շարադրանքից, առանց «զգետնելու» հետ կապված մանրամասների)։

Հիմա ինձ գրում են, թե Ալիեւն իրեն հաղթողի պես է պահում, այսինքն՝ նրա լկտիությունը հաղթողի վարք է։ Հաղթողին, իբրեւ թե չեն դատում։ Իսկ ինչո՞ւ մենք մեզ անցած 26 տարիների ընթացքում այդպես լկտի, հաղթողի պես չէինք պահում։ Հաղթող չէ՞ինք։ Ինչո՞ւ պետք է մեզ առաջարկվող փաթեթում թեկուզ տեսականորեն համաձայնվեինք, որ ամենից առաջ նշված լինի տարածքների ու փախստականների վերադարձը, իսկ վերջում միայն կարգավիճակի հարցը։ Էն «ի սկզբանե»-ից էլ առաջ, երբ Ադրբեջանը դեռ իր նավթային ասեղի վրա չէր նստել։ Լսեք նրանց բոլոր ելույթները, 94-ից ցայսօր։

Մեծամտաբար ու հանցավոր անհոգությամբ անգամ ժպտում էինք, թե էլի իրենց 20%-ի ու 1 մլն-ի մասին են խոսում, անգամ քաղաքականության հետ կապ չունեցող ցանկացած միջազգային հարթակում։Իսկ ՄԱԿ-ի 4 բանաձեւերի մասին մանտրա դարձրած հայտարարություննե՞րը։ Չե՞ք հիշում, ու մեր պատասխանը արջի ու յոթ երգի մասին։ 

Հիմա էլ ինչ եք իրար վրա մոխիր լցնում։ Այն բոլորիս վրա է, հանգիստ եղեք։ Մեզանում սպիտակ կոստյումավոր չկա։
- Ադրբեջանը հանցավոր երկիր է, քանի որ պատերազմ է վարել՝ կատարելով մի շարք ռազմական հանցագործություններ. ներգրավել է ջիհադիստ ահաբեկիչների, կիրառել է քիմիական զենք, ռմբահարել է խաղաղ բնակավայրեր արգելված զինատեսակներով, գերեվարել է խաղաղ բնակիչների ու խոշտանգել նրանց, խոշտանգել է ռազմագերիներին, կիրառելով իսլամիստական ձեռագիր՝ տարածելով այս խոշտանգումների տեսարաններով տեսանյութեր, վարել է Արցախի հայ բնակչության բնաջնջման քաղաքականություն, խախտելով նրանց՝ իրենց բնակավայրերում ապրելու իրավունքը եւ այսպես շարունակ։
- Ադրբեջանը խախտել է ուժի չկիրառման սկզբունքը, որն ամրագրված էր միջազգային բոլոր առաջարկվող փաթեթներում։
- Հայաստանում աճող երվո-ամերիկյան սկեպտիցիզմը հիմքեր ունի, քանի որ, այո, այս պատերազմում հենց հատուկ մեզ համար խոշորացույցով ցուցադրվեց, որ այսպես կոչված եվրոարժեքները առ ոչինչ են աշխարհաքաղաքականությունից բխող շահերի համեմատ։ Ի՞նչ արժեն Ալիեւի ու ընտանիքի կոռուպցիոն հանցագործությունների մասին աշխարհով մեկ աղմուկ հանող հոդվածները։ Առ ոչինչ են, եթե դրանց հիմքով ոչ մի պատժիչ միջոց չի կիրառվում։ Ի՞նչ արժեն Էրդողանի սանձարձակությունների մասին տարբեր միջազգային կարեւորների բարձրաստիճան հայտարարությունները, եթե նրանց մի ձեռքը ապտակում է նրան, իսկ մյուս ձեռքը պայմանագրեր ստորագրում համագործակցության մասին։
- Հայ-ռուսական հարաբերություններն այլեւս սեղանակիցների հարաբերություններ չեն, հաճելի խնջույք չի, որի ընթացքում միայն դարավոր բարեկամությունը փառաբանող կենացներ են խմվում։ Ռոմանտիկան վերջացել է։ Никто уж давно мягко не стелит։ Ոչինչ Ռուսաստանը չի արել, չի անում եւ չի անելու մեզ համար ապագայում էլ, եթե դա դույզն-ինչ դեմ է գնալու իր պետական շահերին։ Սա ընդունենք որպես աքսիոմա։
- Չոր հաշվարկ բոլոր ուղղություններում։ Բայց բացառապես մեր, ոչ թե դաշնակիցների, ռեալ հնարավորությունների չափով։Էն որ ասում ենք, թե մենք լռվել ենք արեւմուտքի ու արեւելքի միջեւ։ Դե գոնե արեւելյան խորամանկություն էլ ունեցեք, արեւելյան նենգություն էլ։ Հիմա դա է գոյապահպանման բանաձեւը։
Մենք հաղթողի պես մեզ չպահեցինք, երբ կարող էինք։ Հիմա էլ պարտվողի շիրմաքար ենք քաշում մեզ վրա, ինչն անթույլատրելի է։ Այն աստիճան պարտվողի՞, որ անգամ վերջին կարեւորագույն տեղեկությունների համար պետք է մտնենք այլ երկրների պաշտոնական էջեր։ Հա՞»։