«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Լոռիում ապաստանած արցախցիներն էլ վերադառնում են ծննդավայր

26/11/2020

Հակոբջանյանների ընտանիքը Մարտակերտի շրջանի Հայանիստ գյուղից է: 90-ականներից բազմիցս բնավեր են եղել, տներ փոխել, կորցրել ունեցվածքը: Վերջին տարիներին էին հաստատվել Մարտակերտում:

Հասմիկ Հակոբջանյան (Մարտակերտի բնակիչ) - 1992 թվին փախանք-գնացինք, ոչ մի բան չկար, Հայանիստում էինք մնում, ապրիլյանին էլ էնտեղ մոտիկ գյուղ գնացինք, մնացինք: Թալիշում էլ խփում էին, թալիշեցիք էլ եկան Մատաղիս կամ Մարտակերտ, էս անգամ զոռով դուրս պրծանք:

Այս պատերազմին կրկին ստիպված էին հեռանալ տնից, ամեն ինչ թողեցին, եկան, ապաստանեցին Ալավերդու հյուրատներից մեկում:

Իրինա Իսրայելյան (հյուրատան սեփականատեր) - Երբ կորոնայից հետո խնդիր առաջացավ արտերկրից մարդ ընդունելու, ասի՝ ոչինչ, էս տարի էլ շրջապատ կմեծացնենք, բարեկամներ ձեռք կբերենք: Իհարկե, երանի միայն կորոնան լիներ, դրանով շրջապատ ձեռք բերեինք: Շարունակությունը էս ստացվեց դժբախտաբար: Բայց որ հստակ նոր բարեկամներ ունեմ, բայց ես համարում եմ, որ մեր իրար հետ ապրելու արդյունքը համարում եմ, որ ես Ղարաբաղում նոր օջախ ունեմ:

Հասմիկի որդիներն Արցախում են, զանգել ասել են՝ տունը վնասված է, բայց կանգուն է: 

Հյուրատանն այս օրերին մի քանի ընտանիք է բնակվել: Շատ հյուրեր տեսած Իրինան ապշած է նեղության մեջ հայտնված, ամեն ինչ կորցրած մարդկանց համախմբվելու կարողությունից: Հակոբջանյանների բազմանդամ ընտանիքին առաջին օրը երեք հյուրասենյակ էր հատկացրել:

Իրինա Իսրայելյան - Ինձ համար անակնկալ էր, երբ տեսա, որ էս ընտանիքը իրար ծոցի են քնում, որ ավել սենյակ ունենամ, որ էլի մարդ ընդունեմ, տեսակը մարդու, որ երբ առաջարկում ես ավելի լայն, բայց իրանք էդ մտածելակերպի, էդ հոգու տեր են: Եկավ երկրորդ ընտանիքը, հենց առաջին օրվանից իրանք իրանց մեջ տեղափոխություններ արեցին. իրանց տղան քնեց մյուս ընտանիքի տղաների սենյակում, աղջիկը՝ աղջիկների հետ, էնքան, որ ասի՝ միմյանց ծանո՞թ եք: Ասին՝ չէ՛, առաջին անգամ ենք հանդիպել, և էդ ընտանիքներից մեկը ամբողջությամբ իր վրա վերցրեց եփել-թափելու գործը, այսինքն՝ դարձան մեկ ընտանիք:

Երեխաները բազմաթիվ նոր ընկերներ են ձեռք բերել, չի ընդհատվել նաև կրթական գործընթացը:

Սուսաննա Մկրտչյան (Մարտակերտի բնակիչ) - Իրենց կրթությունը չի ընդհատվել, Երևանում հաճախել են Բլեյանի անվան դպրոց, էստեղ էլ՝ թիվ 10 դպրոցը: 

Արցախցի ընտանիքները պատրաստվում են վերադառնալ հայրենի տուն, ասում են՝ մտահոգված ենք երեխաների ճակատագրով, սակայն նաև հույս ունեն, որ ռուսական զինվորականների ներկայությունը անվտանգ կդարձնի արցախցիների կյանքը:

1Lurer.am