«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լինելու է խոնարհման, մտածումի և խոստումի երթ. Փաշինյան

19/12/2020

Այսօր՝ ժամը 13:00-ից միասին մեր նահատակների առաջ խոնարհման ու հարգանքի երթ ենք իրականացնելու Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր՝ այս մասին տեսաուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց՝ սա մի խոստում է բոլոր մեր եղբայրներին, նրանց երեխաներին, ընտանիքի անդամներին, որ նրանց զոհաբերումը ապարդյուն չի լինի: 

«Սա լինելու է մտածումի երթ, որտեղ յուրաքանչյուրս և մենք ազգովի պետք է խորհենք մեր անցած և անցնելիք ճանապարհի մասին: Այսօրվա երթը քաղաքական որևէ ենթատեքստ չունի, բայց տեղի է ունենում կոնկրետ քաղաքական իրավիճակում, որի հանգուցալուծման վերաբերյալ իմ դիրքորոշումը մնում է նույնը ու չի փոխվել՝ ժողովուրդը, միայն ու միայն ժողովուրդը պետք է որոշի իշխանության ճակատագիրը և ոչ թե էլիտար շրջանակները: Այս առումով մեր մեծագույն խնդիրն օր առաջ իրավիճակի կայունացումը և ժողովրդի կամարտահայտման հնարավորություն ստեղծելն է»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ մինչև այդ կառավարությունը պետք է աշխատի իր հրապարակած ճանապարհային քարտեզի դրույթների հնարավորինս արդյունավետ իրագործման վրա, որը, նրա խոսքով, կլուծի նաև հետպատերազմական բազմաթիվ խնդիրները և, ընդհանուր առմամբ, կկայունացնի նաև ներքաղաքական վիճակը: 

Վարչապետն այսօրվա երթին ընդառաջ իր խոնարհումը հայտնեց մեր բոլոր նահատակների, նրանց մայրերի, հայրերի, կանանց ու երեխաների առջև: 

«Սա նաև խոստումի երթ է, որ մենք հնարավոր ու անհնար ամեն ինչ կանենք մեր անհետ կորած եղբայրների ճակատագրերը պարզելու, մեր գերիներին վերադարձնելու, մեր հույսը վերադարձնելու, լավատեսությունը վերադարձնելու, ապրելու, արարելու, Հայաստանը և Արցախը նորովի կառուցելու համար: «Կառուցենք Հայաստանը նորովի»՝ այս կարգախոսը ընտրել էի դեռ պատերազմից առաջ՝ Հայաստանի վերափոխման ռազմավարությունը ուղենշելու համար: Այս բանաձևը օգտակար է մեր այսօրվա իրավիճակից ապագային նայելու համար նույնպես»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ պետք է դիտարկենք մեր անելիքն ու դերակատարումը ու նորովի պետք է մեր հնարավորությունները գնահատենք:

«Կրթության, գիտության, տեխնոլոգիական զարգացման ոլորտում մենք պետք է կառուցենք մեր երազանքը նորովի, մենք պետք է երազենք նորովի, ու մեր երազանքները պետք է ժպիտ բերեն հանուն Հայրենիքի նահատակված մեր եղբայրների հոգիներին, նրանց զավակներին, նրանց Հհայրենիքին, և այդ երազանքների իրագործումը պետք է բերի այդ ժպիտը:

Փա՜ռք մեր ընկած հերոսներին, փա՜ռք մեր ապրող հերոսներին ու փա՜ռք նրանց, ովքեր դեռ կհերոսանան մեր ժողովրդի երազանքներն իրագործելու, մեր ժողովրդին ստեղծարար հաղթանակներ պարգևելու ճանապարհին»,- ասաց վարչապետը:

1Lurer.am